Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում: ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին նշել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը:

«Չեմ թաքցնի, որ Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են, սակայն մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ», – նշել է քարտուղարն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասում են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։

 «Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ՝ մասնավորապես 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։

ajax-loader