«Կարմիր գծերը», թե կինը այս կամ այն ոլորտում չի կարող աշխատել, գնալով փոխվում են. Արուսյակ Մանավազյան

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ:

– Տիկին Մանավազյան, որքանո՞վ են համատեղելի կինը և քաղաքականությունը՝ հաշվի առնելով կնոջ նուրբ և խոցելի էությունն ու քաղաքական ոլորտին հատուկ հաստատակամությունը: 

– Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր օրերում չկա մի ոլորտ, որը կնոջն անհասանելի է կամ անհամատեղելի նրա համար: Եվ դրա համար այսօր կանայք ներգրավված են բոլոր բնագավառներում: Թեև մենք՝ կանայքս, էմոցիոնալ ենք, սակայն միաժամանակ բոլոր բնագավառների ուժն ենք՝ մեզ հատուկ զսպվածությամբ, նպատակասլացությամբ, և, ինչու ոչ, համարձակությամբ:

– Ի՞նչ է փոխում կինն իր ներկայությամբ:

– Մենք մեր էներգիայով, մտքի թռիչքով, նախաձեռնողականությամբ մեծ և կարևոր դեր ենք խաղում ընկերությունների առաջխաղացման գործում և քաղաքական ասպարեզում: Վերջերս Ազգային ժողով մի նախագիծ բերվեց, որը միայն տղամարդ պատգամավորների մասնակցությամբ հնարավոր չէր լինի կյանքի կոչել: Խոսքը «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին է: Սա համարձակ քայլ էր կանանց կողմից՝ կանանց համար:

– Կնոջ էմոցիոնալությունը կարո՞ղ է խանգարել նրան:

– Բոլորս էլ որոշակի իրավիճակներում էմոցիոնալ դրսևորումներ ունենում ենք, սակայն քաղաքական ոլորտում պետք է զսպել էմոցիաները: Ես վերջին տարիներին սկսել եմ աշխատել էմոցիոնալ ինտելեկտի ուղղությամբ և հասկանում եմ, որ շատ դեպքերում կարողանում եմ դրանք պահել, կամ ավելի ճիշտ չափաբաժնով ու ձևով դրսևորել:

ajax-loader