Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Անթալիայի դիվանագիտական ֆորումի փակմանը եզրափակիչ իր ելույթում հայտնել է, որ առաջիկայում մեկնում է ԱՄՆ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականի հոկտեմբերին Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ։  Ֆիդանը շեշտել է, որ այս քայլի նպատակն է ունենալ հարթակ, որտեղ էներգետիկային, տնտեսությանը, քաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցեր են քննարկվում և միտված են երկու երկրների միջև կոնկրետ արդյունքի։

Նա հավելել է, որ ԱՄՆ այցի ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։

Հիշեցնենք, որ Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ  հանդիպել էին փետրվարին  Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացվող G-20 երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում։ Հանդիպմանը կողմերը  քննարկել էին ուկրաինական պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ զարգացումներ։

ajax-loader