Կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճում է․ ի՞նչ ներուժ կա Հայաստանում

Այսօր կարևոր թեմա է կրիտիկական մետաղների թեման, և Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, պետք է իր ուրույն տեղն ունենա կրիտիկական մետաղների ոլորտում։ Այս մասին փետրվարի 29-ին «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հնարավորությունները» աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ըստ նրա՝ մասնագիտական հանրույթի հետ քննարկվել է հարցը, թե ինչ ներուժ ունի ոլորտը, որպեսզի նպաստի Հայաստանի տնտեսական աճին։

«Կրիտիկական մետաղների մեջ առաջին հերթին մտնում են լիթիումը, կոբալտը, նիկելը, պղինձը։ Եվ մենք, տեսնելով այդ ներուժը Հայաստանում, փորձում ենք կառավարության, բուհական համակարգի մասնագետների հետ համատեղ տեսնել, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանն այս ուղղութամբ առաջ շարժվի։ Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի կարևոր ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել տնտեսության աճին և ավելի բարելավել ազգաբնակչության կենսամակարդակը, դա կրիտիկական մետաղների ոլորտն է։ Որպես առաջային քայլ՝ կազմակերպել ենք այս աշխատաժողովը, որ հասկանանք, թե ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա Հայաստանը՝ կապված այս ոլորտի հետ»,- նշեց Ջհանյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն առանց զարգացման ու տնտեսական աճի չի կարող գրավել իր ուրույն տեղը տարածաշրջանում։ Հետևաբար, պետք է օգտագործել տնտեսական զարգացման ներուժը տարբեր ուղղություններով, կոնկերտ այս դեպքում մասնագետները խոսում են կրիտիկական մետաղների ոլորտի ներուժի մասին։ «Տնտեսության զարգացում նշանակում է ուժեղ բանակ, հզոր պետություն։ Այսինքն՝ ամեն ինչի հիմքում տնտեսությունն է, և մենք պետք է ունենանք հզոր տնտեսություն։ Այս առումով, լինելով պատասախանատու ՀԿ մեր հայրենիքի զարգացման համար, ուզում ենք ինչ-որ ճյուղերի վրա ուշադրություն հրավիրել, օգնել կառավարությանը, որ ուշադրություն դարձնի այս ճյուղերին և ունենանք զարգացում»,- ասաց նա։

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովաննես Հարությունյանն էլ նշեց, որ աշխարհում արդեն մի քանի տարի է՝ խոսվում է կրիտիկական մետաղների կիրառելիության ու կարևորության մասին։ «Մասնավորապես, լիթիումի մասին են շատ խոսում, որովհետև լիթիումը հանդիսանում է ակումլյատորների արտադրության համար էներգիայի կուտակման հումք։ Այն պաշարները, որոնք կան մեր ընդերքում, աշխարհում մեծ ռեսուրսներ են դրվում՝ այդ պաշարներն հայտնաբերելու ու արդյունահանելու համար»,- ասաց նա։ Փոխնախարարի խոսքով՝ աշխարհը անցում է կատարում կանաչ էներգիայի ստացմանը։ Օրինակ՝ արևային էներգիան, որը կուտակելու համար անհրաժեշտ է պայման։ Այս առումով ևս լիթիումի կարևորությունը մեծ է։

Աշխատաժողովի ժամանակ Վարդան Ջհանյանն ասաց, որ մինչև 2040 թվականը կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճելու է, իսկ ամենաշատն աճելու է լիթիումի պահանջարկը: Ըստ միջազգային էներգետիկ գործակալության՝ լիթիումի համաշխարհային պահանջարկը 2040 թվականին կգերազանցի ներկայիս ցուցանիշը 40 անգամ։ Ջհանյանի խոսքով՝ լիթիումը չի բավարարելու այն պահանջարը, որն ունենալու են համաշխարհային շուկաները։ «Ըստ վերլուծությունների՝ 2025 թվականից առաջանալու է պահանջարկի ու առաջարկի միջև բացը։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանն այդ բացի մեջ պետք է իր տեղը գրավի։ Եվ դրանում մեծ ներուժ ենք տեսնում, քանի որ Հայաստանն ունի նաև մասնագիտական ներուժ։ ԽՍՀՄ տարիներին լիթիումը չի համարվել կարևորագույն մետաղ և բաց կա լիթիումի հետախուզման ասպարեզում»- ասաց Ջհանյանը։

Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ լիթիումի արտադրությունն աշխարհում 2010 թվականից քառապատկվել է։ Կանխատեսվում է, որ առաջիկա հինգ տարում լիթիումի պահանջարկը կավելանա 60 տոկոսով և կհասնի մինչև 160 հազար տոննայի։ Այս քանակության 25 տոկոսը՝ 40 հազար տոննան կպահանջվի էլեկտրամոբիլների մարտկոցներ արտադրելու համար։ «Հատկանշական է, որ արդեն 2050 թվականի դրությամբ լիթիումի ամբողջական պահանջը կհասնի մինչև 5 մլն տոննայի։ Նման թռիչքաձև աճը ենթադրաբար կապված կլինի հատկապես էլեկտրամոբիլների թվաքանակի կանախատեսվող աննախադեպ աճով։ Պահանջարկի մեծացմանը զուգընթաց աճում են գները։ Ընդհանրապես կրիտիկական համարվող մետաղների պաշարների և արտադրական օգտագործման ծավալների անհամապատասխանությունն այսօր աշխարհոմ զգալի անհանգստություն է առաջացնում նույնիսկ պետական մակարդակում։ Համաշխարհային հանրությունն այս մետաղների պահանջարկը բավերարելու համար փորձում է գտնել դրանց նոր աղբյուրներ կամ կորզել թափոններից»,-ասաց մասնագետը։

Երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանն էլ աշխատաժողովի ժամանակ տվյալներ ներկայացրեց Հայաստանի հանքային ջրերում լիթիումի պարունակության և կորզման հնարավորությունների վերաբերյալ։ Ըստ նրա՝ ավելի տաք հանքային ջրերում լիթիումի պարունակությունն ավելի բարձր է։

https://www.ejc.am/hy/article/18601

ajax-loader