Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմը. Բադասյանը մանրամասնել է

«Արտագնա աշխատողների մասով e-draft.am կայքում տեղադրված է օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկյա պետությունում հարկի գումարը պահվել և վճարվել է, ՀՀ-ում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանա, նախագիծը հանրային քննարկման փուլում է»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով հարցին, թե արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մեխանիզմ ինչպե՞ս է գործելու:

«Օբյեկտիվ բոլոր դժգոհությունների այն կտորները, որոնք իրոք օբյեկտիվ են եղել հաշվի ենք առել և նախատեսել ենք դա: Բայց կրկին նշեմ, որ թե՛ ՀՀ-ում ստացված եկամուտները, թե՛ արտասահմանում ստացված եկամուտները ենթակա են հարկման, այն տարբերությամբ, որ արտասահմանում վճարված հարկերը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով կարող են հաշվի առնվել այստեղի հարկի գումարը հաշվի առնելիս»,- նշեց Բադասյանը:

Վերջինս նկատեց, միաժամանակ ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ ինչ-որ մեկը՝ ցանկացած ոլորտի աշխատող կարող է ասել՝ ինչո՞ւ ես պետք է հարկ վճարեմ. «Վերաբերմունքը հարկերի նկատմամբ և հարկային քաղաքականության ու հարկ վճարելու մշակույթի նկատմամբ պետք է փոխենք, որովհետև մենք հարկը չենք տալիս ուղղակի անվերադարձ, այլ դրա դիմաց ստանում ենք անվտագություն, սոցիալական ապահովվածություն և այլն»:

Հարցին, թե վերջինս կիսում է վարչապետի այն մոտեցումը, որ եթե չեն ուզում հարկ վճարել, կարող են այլ ճանապարհով գնալ արտասահման, Բադասյանը պատասխանեց, որ իհարկե, կիսում է դա պատկերավոր օրինակ էր, որը շատ տեղին է:

«Այդ խոսակցությունը ամենայն հարգանքով է լցված ՀՀ քաղաքացիների հանդեպ, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ ՀՀ-ն գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ բացառապես հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի հաշվին և դա է այն մշակույթը, որը պետք է սերմանենք դպրոցից, մանկապարտեզից:

Եթե մենք ուզում ենք բնորոշել որևէ անձի որպես հայրենասեր, մի քանի բանի պետք է ուշադրություն դարձնենք, արդյո՞ք օրինապահ է, արդյո՞ք կատարում է իր հարկային պարտավորությունները, թե չի կատարում, եթե այդ պայմաններին բավարարում է կարծում եմ անձը կարող է լինել հայրենասեր, բայց եթե անձը խոսում է  հայրենասիրության մասին միայն բաժակաճառերով՝ արցունքներն աչքերին, բայց չի կատարում իր մինիմալ պարտականությունները որպես քաղաքացի, որևէ դեպքում չի կարող համարվել հայրենասեր»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

ajax-loader