Արձանագրած խնդիրների նկատմամբ լինելու ենք հետևողական․Արուսյակ Մանավազյան

ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանն այցելել են Արարատի մարզի մի քանի մանկապարտեզներ, ծանոթացել շենքային պայմաններին, սննդակարգին և ընթացիկ խնդիրներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ա․ Մանավազյանը։

«ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Տաթևիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել եմ Արարատի մարզի Արտաշատ համայնքում, որտեղ այցելել ենք մի քանի մանկապարտեզներ, ծանոթացել շենքային պայմաններին, սննդակարգին և ընթացիկ խնդիրներին:

Հաստատություններից մի քանիսում մեզ պատմեցին, որ խնդիրները նոր չեն, դրանք տարիների պատմություն ունեն:

Շրջայցի ընթացքում արձանագրել ենք սանիտարական վիճակի, շենքային պայմանների բարելավման և խմբերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու անհրաժեշտություն:

Մարզի ոլորտային պատասխանատուների համար խնդիրները ևս նոր չեն, բայց դրանք լուծելու համար էլ լայն հնարավորություններ չունեն: Մարզում պետության օժանդակությամբ սուբսիդավորված մանկապարտեզներ էլ կան, որոշներն արդեն կառուցվում են, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին:

Մանկապարտեզներում խիստ ուշադրություն են դարձնում նաև ներառական կրթությանը: Հաստատություններում երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներ, հատուկ խաղային ու կրթական ծրագրերով:

Արձանագրած խնդիրների նկատմամբ լինելու ենք հետևողական և հույս ունենք, որ միասնական աշխատանքի արդյունքում դրանց լուծումը երկար սպասեցնել չի տա»,-մասնավորապես, գրել է պատգամավորը։

ajax-loader