ՀԱՊԿ-ում անհրաժեշտ են համարում ռազմական ներուժի ամրապնդումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմաններին ստեղծված իրադրությունը պահանջում է կազմակերպության ռազմական ներուժի ամրապնդում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Աշխարհում զարգացումների դինամիկան, այդ թվում՝ այն տարածաշրջաններում, որոնք սահմանակից են կազմակերպության մեջ մտնող պետություններին, միջազգային հարաբերությունների վերափոխումը և մարտահրավերների ու սպառնալիքների շրջանակի ընդլայնումը թելադրում են հավաքական անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտություն, կազմակերպության ռազմական ներուժի պլանաչափ ամրապնդում», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սերդյուկովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի վերաբերյալ որոշումների իրագործման առաջարկությունների նախապատրաստումը հանձնարարված է Միացյալ շտաբին, որը կարևոր կազմակերպչական և համակարգող դեր է խաղում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ստեղծման, մշակման, պլանավորման, օգտագործման և նախանշված առաջադրանքների կատարման նախապատրաստման հարցերում:

Ըստ ՀԱՊԿ-ի պաշտոնյայի՝ Միացյալ շտաբը կազմակերպության քարտուղարության, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ միասին մեծ ուշադրություն է դարձնում հավաքական ուժերի բոլոր բաղադրիչների զարգացմանը։

«Ռազմական անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությունը, որի հետևանքով ոչնչացվում են համաշխարհային անվտանգության ապահովման հիմնական, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված կանգուն կառույցները», – նշել է Սերդյուկովը։

Դրա հետ մեկտեղ նա ասել է, որ ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում «բնութագրվում է որպես բարդ»։

ajax-loader