Աշոտ Աղաբաբյանը՝ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ

Մտավորական, գրող Աշոտ Աղաբաբյանը Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ է դարձել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում

«Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ։ Բայց այսօր ինձ հետ մի «դեպք» պատահեց։ Դեռևս 2004-ին, երբ տպագրվեց առաջին վեպս՝ «Ռեզիդենտը», երջանկահիշատակ Լևոն Անանյանն առաջարկեց դիմում գրել ու դառնալ ՀԳՄ անդամ։ Չուզեցի։ Ով մի գիրք տպի՝ «վազելով» գրողների միության անդամ դառնա՞։ Հետո, երբ տպվեց «Մենակը», Լևոնը, որ իմ ավագ ընկերն էր ու համագյուղացին, մի քանի անգամ հորդորեց, բայց ես որևէ միության, կազմակերպության անդամ չեմ ուզում լինել։Իսկ երբ ՀԳՄ նախագահ դարձավ Էդվարդ Միլիտոնյանը, հանդիպեց և դարձյալ առաջարկեց դիմում գրել։ Չուզեցի, և այսպես շարունակ։ Բայց լրագրողներին միշտ պատասխանում էի, որ Միությունը դրանում մեղք չունի, ես հարգում եմ այդ կառույցը, կոլեգաներիս, մեղքն ինձանում է։

Եվ ահա այսօր գրողների միությունում Էդվարդ Միլիտոնյանն ինձ «թակարդը» գցեց։ Ասաց, որ ոչ մի դիմում էլ պետք չէ, ոչ էլ կառաջարկի։

—Բայց մենք որոշում ենք կայացրել, դու այսօրվանից Հայաստանի գրողների միության ՊԱՏՎԱՎՈՐ անդամ ես,- և հանձնեց վկայականը։

Ապշած հարցրի՝ բայց չէ՞ որ պատվավոր անդամ կարող են լինել Սփյուռքի անվանի գրողները, ես ՀՀ քաղաքացի եմ։

Եվ Էդիկն ինձ սաստեց.

—Մենք նախադեպ ունենք, գրողների միության պատվավոր անդամ է նաև քո «Մենակը» վեպի իրական հերոսը՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը։

Այսպիսի բաներ…

Ինչևէ։ Շնորհակալ եմ վերաբերմունքի համար»։

Շնորհավորում ենք Աշոտ Աղաբաբյանին և մաղթում բազում ձեռքբերումներ։

ajax-loader