Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի տեխնիկական պարկը համալրվել է նոր բեռնատար ինքնաթափերով

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործմանը ներգրավված տեխնիկական միջոցների պարկը համալրվեց նոր ու ժամանակակից երկու բեռնատար ինքնաթափերով՝ JCUK-20C JCDRILL մակնիշի։ Այդ մասին տեղեկացնում է Կապանի լեռնահարստացման կոմբինատի ֆեյսբոքյան էջը։

20 տոննա բեռանատարողության և բարձր թեքահարթակի շնորհիվ այդ ինքնաթափերը զգալիորեն բարձրացնում են հանքաքարի տեղափոխման արդյունավետությունը։ Տեխնոլոգիական ժամակակակից լուծումների շնորհիվ ապահովվում է վառելիքի նվազագույն ծախս և շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազագույն արտանետումներ։

Խցիկում կա օդորակիչ և աշխատանքի հարմարավետություն ապահովող այլ պայմաններ, իսկ կառավարման թվայնացված համակարգերն ավելի են հեշտացնում մեքանավարի աշխատանքը։

Ներդրումային ծրագիրը, որի նպատակը ձեռնարկության նախագծային արտադրական հզորությունների, երկարաժամկետ հեռանկարում գործունեության շարունակականության ապահովումն է, թիրախավորում է ոչ միայն լեռնահանքային տեխնիկայի պարկը, այլև հարստացուցիչ ֆաբրիկան, որի սարքավորանքի նորացման և տեխնոլոգիական օպտիմալացման ուղղությամբ ևս առաջիկայում մասշտաբային միջոցառումներ են նախատեսվում։

Ընկերության ղեկավարությունը հաստատակամ է ձեռնարկության տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու և ցուցանիշները կայուն բարելավելու վերաբերյալ հայտարարված նպատակները հետևողականորեն կյանքի կոչելու հարցում։

ajax-loader