Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը

Մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանը։ Այդ մասին հայտնում  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։  Ցավակցում ենք Գագիկ Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։

Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։

1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։

Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում, զբաղվել բանահավաքչական գործունեությամբ, հիմնադրել և ղեկավար «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։

ajax-loader