Եղանակը զգալի կտաքանա

Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում կպահպանվի առանց տեղումների եղանակը, 5-6-ին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 7-ից հետո կրկին առանց տեղումների եղանակ կհաստատվի: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ փետրվարի 5-6-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կանխատեսվում են մինչև 30մ/վ արագությամբ քամիներ:

«Փետրվարին օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր  կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ»,- ասաց օդերևութաբանը:

Անդրադառնալով անոմալ տաք և տեղումնառատ հունվարին՝ Գագիկ Սուրենյանն ասաց.

«Մինչև հունվարի 25-ը ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն, գրեթե բոլոր օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով:

Միայն հունվարի 24-ից օդի ջերմաստիճանը նվազեց և մոտեցավ կլիմայական նորմային, առանձին հատվածներում նաև նորմայից ցածր էր: Հունվարի 31-ին Աշոցքում գրանցեցինք հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ մինուս 32 աստիճան»:  

Փետրվարի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ արդեն շաբաթ օրը կսկսվի զգալի տաքացում, գիշերային սառնամանիքները կթուլանան։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +2+4։

ajax-loader