320 մասնավոր մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները մինչև տարեվերջ պետք է դիմեն ԿԳՄՍ լիցենզիայի համար

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

Նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները պետք է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը գործունեության լիցենզիա ստանան:

«Ցանկացած կառույցում, որտեղ երեխայի հետ աշխատանք է իրականացվում, պետք է տեղյակ լինենք՝ ինչ ծրագրով, պայմաններով է իրականացվում, ովքեր են այդտեղ աշխատող մարդիկ: Սա մեզ հնարավորություն է տալու դաշտ բերել բոլոր այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են իրականացնում այս ոլորտում․ սա վերահսկողության և մշտադիտարկման հնարավորություն կստեղծի»,- թեմայի շուրջ ասուլիսին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը: 

Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր և մատուցում են նախադպրոցական ծառայություններ, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, փորձաքննությամբ հաստատվելուց հետո դրանք կկարողանան դիմել լիցենզավորման: 

«Երբեմն բռնության դեպքերի, ոչ որակյալ ծառայությունների ենք ականատես լինում: Եթե մենք խոսում ենք որակյալ ծառայությունների մասին, ապա պետք է վստահ լինենք, որ տվյալ հաստատությունում որակավորում ունեցող մասնագետներ են աշխատում: Նախադպրոցական կրթության մասին օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ կարող են աշխատել բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդիկ»,- նշեց Սվաջյանը: 

Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական:

«Մեզ մտահոգում է այն տեմպը, որով դիմում են: Վերջին շրջանում 9 հայտ ենք ունեցել, սակայն ՊԵԿ-ի հետ աշխատանքի արդյունքում մեզ հայտնի է դարձել, որ ունենք 320 կազմակերպություն, որոնք նախադպրոցական ոլորտում գործունեություն են իրականացնում, սակայն լիցենզավորված չեն»,- մտահոգություն հայտնեց Սվաջյանը՝ կոչ անելով դիմել: 

Նախադպրոցական ծառայությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:

Սահմանվել են նաև նախադպրոցական այլընտրանքային, լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները և դրանց տևողությունը: Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնել նախադպրոցական ապրանքային կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելը:

Ներկայում Հայաստանում գործում են ավելի քան 300 կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան ներքո, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային) և նախադպրոցական ծառայություններ։ 

Նմանօրինակ կենտրոնները գտնվում են նախարարության վերահսկողությունից դուրս, սակայն փաստացի զբաղվում են երեխաների կրթությամբ և զարգացմամբ` շատ դեպքերում անտեսելով տվյալ տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունները:

ajax-loader