Շտապօգնությունը` մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի բուժառուներին

Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է Շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։

Մանրամասնելով նախաձեռնությունը՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, ովքեր չունեն քրոնիկական  հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ բուժառուի հետ գործ ունենք: Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ և օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ և տալ համապատասխան դեղորայք»,-ասաց նա:

Կարապետյանն անդրադառնալով բոլոր այն հարցերին, թե ինչպե՞ս են մոպեդով բուժառուներին տեղափոխելու բուժհաստատություն, պատասխանեց, որ մոպեդով ոչ ոքի չեն տեղափոխելու: Ըստ նրա՝ մոպեդն ընդամենը ծառայելու է խցանումների ժամանակ և հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի ժամանակ, ինչը կորոշվի զանգերի ֆիլտրման միջոցով:

«Ինքներս ուսումնասիրել ենք որոշ երկրների փորձ՝ Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի և Իտալիայի: Այս բոլոր երկրներն ունեն իտալական  մոպեդներ, որոնք վարելը շատ հեշտ է, ինչպես նաև ունեն բժշկական հագեցվածության ուղղվածություն: Մոպեդներն ունեն ամրացված պայուսակներ, սարքեր, որոնք բուժակին կամ բժշկին հնարավորություն կտան օգնություն ցույց տալ կամ որոշակի ախտորոշում կատարել»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ այժմ մասնագետների հետ կատարվում են ուսումնասիրություններ, քննարկումներ, վերջնական արդյունքը  լինելու դեպքում հանրությանը մանրամասն կտեղեկացնեն:

ajax-loader