Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:  

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հունվարի 26-ին կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր: 

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

ajax-loader