Աղասի Խանջյանի ամառանոցը կվերականգնվի

 «Գրին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ընկերությունը ստանձնել է Դիլիջանում «Աղասի Խանջյանի ամառանոցի» վերականգնման գործը։ Չորս միջազգային ընկերություններ տվել են անկախ փորձագիտական եզրակացություն, որոնց արդյունքների հիման վրա կայացվել է վերականգնողական աշխատանքներ սկսելու որոշում։   

1996005-1.jpg (4.42 MB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 1996թ․

Շատ քաղաքացիներ, որոնք այցելում են Դիլիջան և ծանոթանում քաղաքի տեսարժան վայրերին, անշուշտ, ուշադրությամբ նայում են անտառապատ լեռան լանջին գտնվող մի շինության, որն աչքի է զարնում արտաքին տեսքով։ Խոսքը հայ մեծանուն պետական գործիչ «Աղասի Խանջյանի ամառանոցի» մասին է։ Տարեց մարդիկ այսօր էլ ցավով նշում են, որ յուրօրինակ ճարտարապետական լուծումներով կառուցված շինությունը, որը ժամանակի հետ դարձավ Դիլիջանի այցեքարտերից մեկը, Աղասի Խանջյանի պես ունեցավ անագորույն ճակատագրին։

1996006-2.jpg (2.92 MB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 1996թ․

Հայ պետական գործիչ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ, Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (1930-1936թթ) Աղասի Խանջյանը հայկական պետականաշինության մեջ ունեցել է անուրանալի ներդրում և մեծ վաստակ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար, 1921 թվականին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում ուսանելու։ 1922–1928 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1928 թվականի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ՝ Խանջյանն ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի երկրորդ, իսկ 1930 թվականի մայիսից՝ առաջին քարտուղար։ Ընտրվել է նաև Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ԽՍՀՄ, ՀԽՍՀ Կենտգործկոմների և ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։

1996009-3.jpg (3.74 MB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 1996թ․

Խանջյանը մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, մշակութային հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժողովրդական կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ։ Նա առանձնակի ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Խորհրդային Հայաստանի կապերի ամրապնդմանը։ Գարեգին Նժդեհի բնութագրմամբ՝ Խանջյանը կյանքի վերջին տարիներին աչքի է ընկել ավելի հայանպաստ գործելակերպով, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության առջև Նախիջևանի պատկանելիության արդարացի պահանջ է ներկայացրել և իր հիմնավոր բողոքն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի կղզիացման դեմ։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

Dilijan. Khanjian Amaranoc.jpg (38 KB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 2016թ․

Խանջյանի համար նախատեսված ամառանոցը, ցավոք, այդպես էլ չծառայեց իր բուն նպատակին։ Որոշ ականատեսների վկայությամբ՝ Խանջյանն այդ ամառանոցում եղել է ընդամենը մեկ անգամ՝ Լավրենտի Բերիային հանդիպելուց առաջ։ Շենքի կառուցապատումն ավարտվել է 1936 թվականին, շինարարությունը տևել է ութ տարի, տեղավայրն անձամբ Խանջյանն է ընտրել։ Ըստ որոշ տվյալների՝ նախկինում այդտեղ տեղակայված է եղել Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի։ Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից։

Dilijian. 1930s mansion. Ph. Frolova3.JPG (2.02 MB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 2016թ․

Տարիներ հետո վերակառուցվել է, սակայն 80-ական թվականներին պետական հուշարձանների ցանկում ներառելիս եղել է վթարային վիճակում, իսկ ներկայումս գտնվում է գրեթե ավերված վիճակում, մասնավորապես՝ չկան նախշազարդ սանդուղքները, նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, սյունազարդ պատշգամբները։ 2013 թվականին շենքը սողանքի պատճառով մասամբ փլուզվել է և նրա տեղում մնացել են միայն փլատակներ ու դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ։ Որոշ չափով պահպանված շրջանաձև կոնստրուկցիայից կարելի է եզրակացնել, որ ժամանակին այդ տարածքում կանգնեցված շինությունն իր շքեղությամբ ու կոնստրուկտիվիստական ճարտարապետությամբ յուրահատուկ էր։ Ականատեսների վկայությամբ՝ ամառանոցն այդ շրջանի տիպային շենքերից տարբերվում էր դորիական կամ կորնթոսյան սյունաշարերով և որմնանկարներով զարդարված գեղեցիկ ձեղնահարկով։

Dilijian. 1930s mansion. Ph. Frolova7.JPG (2.14 MB)
լուսանկարի հեղինակ` Զավեն Սարգսյան, 2016թ․

Շենքն այժմ ներկայացված է «10.3.130» համարով և պաշտոնապես պահպանվում է պետության կողմից՝ հանձին Հայաստանի ԿԳՄՍ նախարարության։ Շինությունը գտնվում է Դիլիջան քաղաքի Գորկու փողոցի 15ա հասցեում, Երևան տանող հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Գրին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ընկերության զարգացման գծով տնօրեն Վանանե Արարքցյանը վերահաստատեց, որ պատմամշակութային կարևոր շինություն համարվող ամառանոցն իրոք այժմ գտնվում է անբարեկարգ և անմխիթար վիճակում։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ «Աղասի Խանջյանի ամառանոցը» վերականգնումից հետո նոր կյանք կստանա։ Նորացված շինությունը, պահպանելով իր պատմական կերպարը, կհարմարեցվի ժամանակակից պահանջներին։

AGR_7806.JPG (4.89 MB)
2023թ․

Վերականգնող ճարտարապետ Դավիթ Նահատակյանը, ով պատմամշակութային կոթողների ու նմանօրինակ շինությունների հետ աշխատանքի փորձ ունի եւ այժմ գլխավորում է վերականգնման հետ կապված աշխատանքները, իր հերթին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ «Աղասի Խանջյանի ամառանոցի» վերականգնման նպատակով աշխատանքային քննարկումներ են եղել ոլորտի անվանի մասնագետների հետ։

«Մինչ նախագծային աշխատանքներ իրականացնելը կատարվել են անհրաժեշտ չափագրումներ, գնահատվել է, թե ինչ վիճակում է կառույցը, քանի որ այս դեպքում գործ ունենք նաև որոշակի սողանքային և երկրաբանական ու երկրաֆիզիկական խնդիրների հետ։ Ընդհանուր պատկերացում արդեն ունենք և ճշգրտումներ ենք կատարում, թե ինչպիսի միջամտություններ անենք, որպեսզի նախ եղածն ամրացնենք և հնարավորության դեպքում շինությանն օժտենք նոր գործառույթներով»,- ասաց ճարտարապետը։

AGR_7840.JPG (6.46 MB)
2023թ․

Նա տեղեկացրեց, որ ամբողջ նախագիծը կազմված է երեք փուլից։ Առաջին փուլն ընդգրկում է կառույցի ուսումնասիրությունն ու վավերագրումը, երկրորդ փուլում ներկայացվում է էսքիզային կոնցեպտը, թե ինչպես պետք է լուծվեն բոլոր առկա խնդիրները, իսկ երրորդ փուլում համապատասխան լուծումները վերածվելու են աշխատանքային գծագրերի և շինթույլտվություն ստանալուց հետո իրականացվելու են վերջնական վերականգնման և վերաօգտագործման շինաշխատանքները։ Մասնագիտական խումբն այժմ առաջինից երկրորդ փուլին անցնելու հանգրվանում է, կուլմինացիոն հանգույցում, որտեղ որոշվելու է, թե ինչպես կվերականգնվի շինությունը։ Արխիվային հետազոտությունների շնորհիվ արդեն կա ամբողջական տեսքը։       

Հուսանք, որ «Աղասի Խանջյանի ամառանոցի» վերականգնվելուց հետո կրկին կբացի իր դռները՝ վերահաստատելով եզակի գեղեցկությամբ ու գրավչությամբ օժտված լինելու իր նախկին համբավը։   

ajax-loader