Մեկնարկել է տնտեսագիտական օլիմպիադայի գրանցման փուլը

Հայաստանում երկրորդ տարին կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 10, 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների նույն տարիքային խմբի ուսանողները։

Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։

Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այս հղումով:

Դպրոցական փուլը կանցկացվի 2024 թվականի մարտին, հանրապետական փուլը՝ մայիսին, իսկ միջազգային փուլը՝ սեպտեմբերին Հունաստանում՝ ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանում օլիմպիադան կազմակերպվում է Վարքագծային որոշումների կենտրոնի կողմից` ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ԿԳՄՍՆ ու Հայաստանում Ամերիկյան համալսարանի, ինչպես նաեւ՝ միջազգային գործընկերների` Economic Fundamentals Initiative-ի եւ The Institute of Economic and Social Studies (INESS)-ի  հետ համագործակցությամբ։

Օլիմպիադայի հետ կապված հարցերի դեպքում զանգահարել՝ +374 77088778, կամ գրել՝ [email protected]:

ajax-loader