Հիվանդի որդիները դանակով սպառնացել են բժիշկներին. քաղաքապետի խոսնակն ահազանգում է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է շտապօգնություն կանչած քաղաքացու կողմից բժիշկների նկատմամբ դրսևորած բռնության դեպքի մասին:

«Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են:

Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը:

Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ’ մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը»,- գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

ajax-loader