30 կրեդիտ՝ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման  համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: Այd մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝  ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթում ուսուցչի թափուր տեղը չհամալրելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն առնվազն 30 կրեդիտ է ստացել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների մոդուլներով` մասնակցելով համապատասխան դասընթացների: 

Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող դասընթացին   կարող է մասնակցել այն անձը, որն ունի՝

տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն,

բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ, 

բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ և հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն: Ըստ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգի` կամավոր ատեստավորմանը չմասնակցելը կամ դրական արդյունք չապահովելը հիմք են՝ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Վերոնշյալ պարտավորությունն ամրագրվում է ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ որպես պարտադիր դրույթ:

Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող  դասընթացները կազմակերպվում են ըստ համապատասխան մոդուլների՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորված համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների կողմից:

Դասընթացները կազմակերպվում են վճարովի կամ անվճար՝ իրականացնող հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում են հաստատության կամ կազմակերպության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով:

Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության ռեկտորի կամ կազմակերպության ղեկավարի անունով, որին կից ներկայացնում  է հետևյալ փաստաթղթերը՝

անձը հաստատող  փաստաթղթի բնօրինակը և  լուսապատճենը,

բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնօրինակները և լուսապատճենները,

2 լուսանկար՝ 3×4 սմ չափսի:

Դասընթացների կազմակերպման ժամանակացույցի և ձևաչափի մասին տեղեկությունըն ընդունվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից և հրապարակվում պաշտոնական կայքում։

Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում:

ajax-loader