Գազի լիցքավորման մեջ 30% խաբում են. ՄՊՀ–ն նախատեսում է չիպերով կանխել թերլիցքավորումը. Գեղամ Գևորգյան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով հեղուկ և մեթան գազի շուկաներում արձանագրված խնդիրներին։

«Շուկայում խնդիր նկատել ենք. թերլիցքավորման մասին է խոսքը։ Մի տնտեսվարողի վերաբերյալ շուկայի տեսչական մարմնից ստացած ազդակի արդյունքում ստուգում ենք իրականացրել, ու պարզվել է, որ լիցքավորման մեջ 30% խաբում է։ Ենթարկել ենք պատասխանատվության, ընդ որում` բավականին մեծ չափով։ Այժմ փորձում ենք մեխանիզմ մշակել, որի դեպքում խաբեությունների թիվն օբյեկտիվորեն պակասի։ Մտածում ենք չիպերի միջոցով տեխնիկական լուծում տալ, որի միջոցով կկարողանան իրական ժամանակում տեսնել մուտքի և ելքի քանակը»,– նշեց Գևորգյանը։

Նրա խոսքով` գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով ցանկացած սպառող կկարողանա ստուգել լիցքավորման քանակը, բայց այն մեծ ծավալով չի իրացվում։

ՄՊՀ նախագահի կարծիքով` պետք է նաև այնպես անել, որ սկսի ռեպուտացիոն ռիսկն աշխատել, այսինքն` սպառողը պետք է իմանա, որ X ընկերությունը խաբում է, ու մնացած սպառողներն էլ ավելի զգոն լինեն տվյալ ընկերության մոտ գազալիցքավորման դեպքում։

«Մենք ասում ենք, որ այսինչ ընկերությունը թերլիցքավորում է արել, բայց Հայաստանում ռեպուտացիոն ռիսկը դեռ չի աշխատում։ Միևնույն ժամանակ լավ աշխատողներին էլ պետք է ներկայացնենք որպես լավ տնտեսվարող»,– ասաց Գևորգյանը։

Անդրադառնալով հեղուկ գազի շուկայում գների տատանումներին` նա նշեց, որ դինամիկան բավականին նորմալ է, գների փոփոխությունը միայն հայաստանյան իրավիճակ չէ, աշխարհում գինը բարձրանում է, հետևաբար Հայաստանում էլ է բարձրանում, նույնն էլ` գինն իջնելու դեպքում։

ajax-loader