Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը․ Վահան Քերոբյան

Հայաստանում Հնդկաստանից աշխատանքային միգրանտների թիվը չի գերազանցում 30 հազարը։ Այդ մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Նա նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում, հիմնականում, ներգրավված են շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում:

«Դրանք, հիմնականում, ոչ որակավորված կադրեր են»,- ասել է նախարարը՝ նշելով, որ Հայաստանի այդ ոլորտներում աշխատում են նաև Ուզբեկստանի և Իրանի քաղաքացիներ:

Ինչ վերաբերում է բարձր որակավորում ունեցող կադրերին, ապա նախարարի խոսքով, Հայաստանի աշխատաշուկան համալրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից աշխատանքային միգրանտները:

Նախարարը նշել է, որ գերատեսչությունն այժմ մտադիր է լուծել բռնի տեղահանված Արցախի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը, որպեսզի վերջիններս ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքում:

Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է ավելի քան 106 հազար քաղաքացի:

2022 թվականի սկզբից Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր էկոնոմիկայի նախարարը, կազմել է մոտ 110 հազար, Ուկրաինայից՝ 4-4. 5 հազար։ Երկրում գործազրկության մակարդակը կազմում է մոտ 13%:

ajax-loader