Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի ելույթը Mining Armenia Forum 2025-ին․
«Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգարժան պարոնայք նախարարներ, կառավարության հարգելի ներկայացուցիչներ, դիվանագետներ, սիրելի գործընկերներ և հյուրեր։

Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում: Մեր Ֆորումն արդեն երկրորդ տարին է համախմբում ոլորտի ներուժը, այն մարդկանց, որոնք ամեն օր աշխատում են ավելի ամուր, ավելի ժամանակակից ու գրավիչ հանքարդյունաբերություն ունենալու նպատակով՝ ի շահ մեր հայրենիքի։
Նաև առանձին շնորհակալություն են հայտնում մեր բոլոր հովանավորներին, այդ թվում՝ գլխավոր հովանավորներ՝ ԶՊՄԿի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին։

Քանի որ հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան համաշխարհային տնտեսության ապագայի հիմքն են և Հայաստանի զարգացման հիմնական ներուժը, ֆորումի համար ընտրել ենք այս միասնական թեման` hամաշխարհային միտումները և Հայաստանի տնտեսական հնարավորությունները այդ կարևորագույն ոլորտներում։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հենասյուն է։ Այս խոսքերը մենք շատ ենք լսել, բայց արդյոք դա այդպե՞ս է։

Հայաստանում արդյունահանվող հիմնական 3 մետաղների պահանջարկը և նշանակությունը միայն աճելու են։ Ըստ բոլոր կանխատեսումների՝ մեկ-երկու տասնամյակի ընթացքում պղնձի համաշխարհային շուկան ավելի մեծ ծավալ է ունենալու, քան նավթի ամենամեծ շուկան այսօրվա դրությամբ, որի հիմնական պատճառը դա էներգետիկ անցումն է հանածո վառելիքի վրա հիմնված էներգետիկայից դեպի վերականգնվող էներգետիկա և համընդհանուր էլեկտրիֆիկացում։
Մոլիբդենի պահանջարկի աճ էլ է կանխատեսվում, իսկ ինչ վերաբերվում է ոսկուն, բոլորս էլ ականատես ենք լինում ոսկու գների գերազանց թվերի, և այդ մետաղը նորից ապացուցում է իր անփոխարինելիությունը որպես կայունության գրավական։

Ընդամենը 5-6 տարի հետո միայն այդ երեք մետաղների հաշվին հանքարդյունաբերությունը կարող է ունենալ 3 մլրդ դոլարից ավելի արտահանում, այսինքն՝ ավելի շատ, քան հանրապետության ամբողջ արտահանումը մինչև 2021 թվականը։ Համեմատություն անում եմ 2021 թվականին հետ, որովհետև դրանից հետո մեր արտահանման թվերը պետք է զտել երկրի համար չնչին ավելացված արժեք ստեղծող վերաարտահանումից։ Բացի այդ, մենք չունենք այս ծավալի արտահանման ներուժ ունեցող ոլորտներ։
Այսօր աշխարհի տնտեսությունները կռիվ են տալիս իրենց արտհանման ցուցանիշները բարելավելու համար։ Նույնիսկ ԱՄՆի պես գերհզոր տնտեսությունը ամեն գնով փորձում է բարելավել իր՝ զուտ արտահանման ցուցանիշը, այդ թվում՝ արտահանելով ահռելի քանակով նավթ, հեղուկ բնական գազ և պղնձի խտանյութ։

Այնինչ մեզ Աստված այդ հնարվորությունը շնորհել է առատորեն։ Մնում միայն խելամիտ օգտվել դրանից և դրա հաշվին Հայաստանը դարձնել դրական արտաքին առևվտրի հաշվեկշիռ ունեցող երկիր հզոր տնտեսությամբ և բնակչության բարձր ընդհանուր կենսամակարդակով։
Բացի հանքարդյոնաբերությունը, նպանատիպ կարևորություն ունեցող ոլորտներից է վերականգվող էներգետիկան, որի մասին էլ կխոսենք մեր ֆորումի ընթացում։

Ֆորումի քննարկումները ներառելու են բոլոր տեսանկյունները՝ ներդրումներից, տնտեսական ազդեցության խթանումից մինչև հասարակական ընկալումներ և կայուն զարգացման ու բնապահպանական խնդիրներ, որոնց կարևորությունն ընդգծել ենք՝ ֆորումի օրերից մեկը հենց այդ թեմային նվիրելով։
Հատուկ շնորհակալություն մեր միջազգային հյուրերին, որոնք այս երկու օրերին մեզ ներկայացնելու միջազգային փորձը՝ արդիական միտումներով։
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և բարի ընթացք»։