Britain's King Charles III, wearing the Imperial State Crown and the Robe of State, processes through the Royal Gallery during the State Opening of Parliament at the Houses of Parliament, in London, on July 17, 2024. (Photo by Hannah McKay / POOL / AFP) (Photo by HANNAH MCKAY/POOL/AFP via Getty Images)

Մեծ Բրիտանիայում միլիարդատերերի թիվը նվազել է, Չարլզ 3-րդ թագավորի կարողությունը՝ աճել

Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը նվազել է, մինչդեռ թագավոր Չարլզ 3-րդի անձնական կարողությունն աճել է՝ հավասարվելով նախկին վարչապետ Ռիշի Սունակի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրտիի կարողությանը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Sunday Times Rich List 2025 վարկանիշային աղյուսակը։

Մեծ Բրիտանիայի 350 ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակում գրանցվել է միլիարդատերերի թվի աննախադեպ անկում։ 2024 թվականի համեմատ Բրիտանիայի միլիարդատերերի թիվը պակասել է 9-ով՝ 165-ից հասնելով 156-ի, ինչը Sunday Times Rich List-ի 37-ամյա պատմության ընթացքում ամենամեծ անկումն է։

Միևնույն ժամանակ, 2024 թվականի ընթացքում թագավորի կարողությունն աճել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ հասնելով 640 միլիոն ֆունտի, ինչի շնորհիվ նրա դիրքը բարձրացրել է 20 հորիզոնականով. թագավորը Սունակի և Մուրտիի հետ միասին զբաղեցնում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց շարքում 258-րդ տեղը։

Ի դեպ, թագավորի կարողության աճը նրան դարձրել է ավելի հարուստ, քան նրա մայրը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհին։ Չարլզ 3-րդի կարողությունը 270 միլիոն ֆունտով ավելի է հանգուցյալ թագուհու կարողությունից։

Ցուցակը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հինդուջա ընտանիքը, որին պատկանում է հնդկական Hinduja Group կորպորացիան, որի կարողությունը, չնայած անկմանը, գնահատվում է ավելի քան 35 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում են նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոն սըր Լյուիս Հեմիլթոնը, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, սըր Էլթոն Ջոնը։ 

40 տարեկանից ցածր ամենահարուստ բրիտանացիների ենթացուցակում են երգչուհի Դուա Լիպան, երգիչներ Հարի Սթայլզը և Էդ Շիրանը։

ajax-loader