Լրատվամիջոցները պետք է ավելի հաճախ դիմեն դատարան իրենց իրավունքների պաշտպանության համար. հրապարակվել է ԽԱՊԿ 3-րդ եռամսյակի զեկույցը

Հայաստանյան լրատվամիջոցների համար 2023 թվականի երրորդ եռամսյակը գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններով։ Հրավիրած ասուլիսին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով ԽԱՊԿ-ի երրորդ եռամսյակի զեկույցը, նշեց, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որոնք առանձնացան անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով, որոնք էլ իրենց ազդեցությունը թողեցի մեդիայի աշխատանքի վրա։

«Այս գործընթացներն, այդ թվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդվեցին երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներով։ Այս անգամ նույնպես այդ լարված իրավիճակն անդրադառնում էր լրատվամիջոցների աշխատանքի վրա։ Նույն ցույցերը, բողոքի ակցիաները, երբ լուսաբանվում էին, մեդիայի աշխատակիցները հաճախ տարատեսակ ճնշումների էին ենթարկվում։ Այս առումով, պետք է նկատել, որ եթե առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չկային, ապա երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 3 դեպք։ Երեքն էլ կապված են վերը նշված իրավիճակներով։ Դեպքերից մեկը տեղի է ունեցել Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղում)։ Մյուս երկու դեպքն էլ տեղի է ունեցել Երևանում, ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ու հետընտրական ժամանակահատվածում»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նշված ժամանակաշրջանում արձանագրել է նաև լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների 13 դեպք։  Այստեղ, նախորդ ժամանակահատվածների համեմատ, որոշակի բարելավում է նկատվում։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ճնշումների 18 դեպք է եղել, 2023 թվականի առաջին եռամսյակում՝ 16։

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ հազվադեպ է լինում, երբ նման դեպքերում լրատվամիջոցները դիմում են դատարան։ Այս անգամ 13 դեպքից 3-ի պարագայում լրատվամիջոցները դիմել են դատական ատյաններին։ Աշոտ Մելիքյանի կարծիքով, սա ճիշտ մոտեցում է լրագրողների կողմից։ Կա դատարան, որտեղ կարելի է այդ խուլիգանական գործողությունների համար դիմել ու փորձել պատասխանատվության կանչել։

«Ես հորդորում եմ, որ եթե նման դեպքեր լինում են, ապա լրատվամիջոցները, լրագրողներն անպայման դիմեն դատարան։ Եվ որպեսզի դա դաշտում որևէ բան փոխի, հասարակության վրա որևէ ազդեցություն ունենա, անհրաժեշտ է, որ այդպիսի գործերի մեծ թիվ հավաքվի։ Այդ դեպքում մարդիկ կհասկանան, որ իրենց գործողություններն անպատիժ չեն լինում։ Շատերի մոտ կա պատրանք, որ եթե սոցիալական ցանցերում են վիրավորում, ապա դա կմնա անպատիժ։ Ասեմ, որ վիրավորանքի համար նախատեսվում է մինչև 3 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաև խնդրել ներողություն, զրպարտության դեպքում՝ մինչև 6 մլն դրամ և այլն»,-ասաց  Աշոտ Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն խնդիր է տեսնում նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի իրացման հետ կապված։ Մասնավորապես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս մասով խախտումների ցուցանիշները բարձր են մնում։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքերի թիվը կազմել է 33, երկրորդ եռամսյակում 24 էր, առաջին եռամսյակում՝ 49։

«Պետական մարմիններից գնալով ավելի բարդ է դառնում պաշտոնական տեղեկություններ ստանալը՝ անհիմն մերժում են, տրվում են լղոզված պատասխաններ, որոնք չենք համապատասխանում հարցերի էությանը։ Այնինչ՝ պետական կառույցները պետք է շատ բաց ու հաշվետու աշխատեն հասարակության հետ»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

ajax-loader