«Արարատ» թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլորին. Տիգրան Ավինյան

Երևանի Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ.  այն  ավելի հասանելի և նորարարական լուծումներով կանաչ տարածք դարձնելու նախագիծ է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին, որի վերաբերյալ վերջին օրերին տարատեսակ քննարկումներ են եղել:

«Ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ կանաչ տարածքն է, հետևապես դրա փուլային վերականգնումը որպես կանաչ հանրային տարածք մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն, բուն ծրագիրը առաջին հերթին վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են` տարածքը դարձնելով հասանելի կանաչ տարածք` նորարարական լուծումներով: Ես ինքս դեռ 1996-ից մինչև 2022 թթ. «Արարատ» ակումբում մարզվել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ՝ հանրային շահի»,-ասաց նա:

Ըստ Ավինյանի` թենիսի ակումբը պետք է վերակառուցվի և հասանելի լինի բոլոր անձանց, ովքեր մարզվում են այնտեղ, բայց, վստահաբար, թենիսի ակումբի համար տեղակայման դիրքը այդքան էլ կարևոր չէ:

«Լուծումներն այստեղ մեզ համար շատ պարզ են. «Արարատ» ակումբին, անպայման, տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, պետք է ապահովենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն` պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր անցնենք քանդման աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, պարզապես աղմուկն այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդո-մասնագետներ սկսեցին անդրադառնալ այս հարցրին, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է: Բոլոր նրանք, որոնք հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»,- նշեց Ավինյանը:

ajax-loader