Նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ թող մտածեն իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին

«Հրապարակն» անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ արտասահմանյան կազմակերություների կողմից էկոլոգիական տվյալներ հավաքագրելուն, որն իրականացվում է պետությանը ոչ պատշաճ տեղեկացնելով և կասկածելի պայմաններում։ Ստորև մեջբերում ենք նյութն ամբողջությամբ․

«Հայաստանի արդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար 2018-ից չեխական ARNIKA կազմակերպության փորձագետները «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ տարիներ շարունակ մեր երկրի վերաբերյալ էկոլոգիական վիճակի հետ կապված տվյալներ են հավաքագրել, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում։ Նրանք երկու տարվա ընթացքում ջրի, հողի եւ կենսաբանական նյութերի փորձանմուշներ են վերցրել Արարատի, Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում, ուսումնասիրել են թունավոր ծանր մետաղների տարածման ուղիներն այնպիսի աղբյուրներում, ինչպիսիք են Քարաբերդի ոսկու բաց հանքավայրը, Մեղրաձորի ոսկու բաց հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը եւ հարակից Արարատի ցիանային պոչամբարը, Թուխմանուկի ոսկու հանքավայրը եւ հարակից երեք պոչամբարները: 

Առաջին հայացքից թվում է, թե մարդիկ բնապահպանական խնդիր են լուծում, հայաստանցիների առողջության հարցն են բարձրացնում, մտահոգված են հանքարդյունաբերության արտանետումներով եւ միջավայրն աղտոտելու հարցերով։ Ենթադրենք՝ անգամ այդպես է, բայց ինչպե՞ս է չեխական կազմակերպությունը կարողացել լուսանկարել Հայաստանի ստրատեգիական օբյեկտներ համարվող պոչամբարները եւ Հայաստանից դուրս տանել հողից, գետերից, մարդկանցից վերցված նմուշները։

Արդյոք Հայաստանի կառավարությունը տեղյա՞կ է այս ընկերության գործունեությունից, եւ ո՞վ է նրանց թույլ տվել նկարել ու անարգել տեղեկատվություն հավաքել մեր երկրի ռազմավարական կարողությունների մասին, ո՞ւր են ուղարկվում այդ տվյալները, արդյոք դրանք չեն հայտնվի՞ թշնամի երկրների ձեռքում, չեն օգտագործվի նրանց կողմից: Իսկ գուցե այդ տվյալների հավաքագրումը հենց ադրբեջանցիների պատվերով է իրականացվում, որ հետո հիմք ունենան միջամտելու Հայաստանի հանքարդյունաբերությանը, պահանջներ ներկայացնելու հանքերի շահագործումը դադարեցնելու վերաբերյալ` էկոլոգիական պայքարի անվան տակ։ 

Հիշյալ կազմակերպության` Հայաստանում իրականացրած ուսումնասիրությունները մտահոգում են նաեւ ոլորտի փորձագետներին։ Բնապահպան-ինժեներ Հայկ Ակարմազյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ ոլորտով զբաղվող գործընկերները դժգոհում են՝ երբեւէ չեն ստացել այդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները։

«Մեզ հետաքրքրում է, թե ինչպես են այդ նմուշները Հայաստանից հանվում, ովքեր են թույլտվություն տալիս նման ուսումնասիրություններ կատարելու համար, որքանով է այդ ուսումնասիրությունը կատարող կազմակերպությունը տիրապետում մասնագիտական հմտություններին, արդյոք նրանք ունե՞ն լիցենզիա, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնք ճիշտ կլիներ քննարկել մասնագիտական հանրության հետ, որպեսզի մենք էլ կարողանայինք մասնակցել մեր երկրի էկոլոգիական խնդիրները լուծելու գործին։ Ինքս տեղյակ չեմ, թե ուր են փոխանցվում այդ տվյալները։ Ինձ համար տարակուսելի է այն հանգամանքը, թե ինչպես է Չեխիայի արտգործնախարարը ֆինանսավորում իր երկրի հասարակական կազմակերպությանը՝ Հայաստանում ուսումնասիրություններ անելու համար։ Ես վստահ չեմ, որ մեր երկրի պատկան կառույցներն այդ հասարակական կազմակերպությանը թույլտվություն տվել են»,- նշեց բնապահպանը։

Նրա խոսքով՝ ոլորտի մասնագետները բավարար ինֆորմացիա չունեն՝ հասկանալու համար, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել այդ ընկերության կողմից։ 

«Բնականաբար, մեր երկիրն ունի էկոլոգիական խնդիրներ, բայց, եթե ուզում ես ուսումնասիրություն կատարել արդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության ուղղությամբ, առաջին հերթին պետք է ունենաս տվյալներ ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ։ Երբ ուզում ես պարզել, թե կոնկրետ վայրում որքանով է արդյունաբերությունն ազդել այդ վայրի էկոլոգիայի վրա, պետք է հասկանաս, թե մինչ արդյունաբերական գործունեություն ծավալելն ինչպիսին է եղել տվյալ համայնքի վիճակը։ Մեծ հարց է՝ այդ համայնքի վիճակը հանքարդյունաբերության հետեւանքո՞վ է այդպես, թե՞ մինչ այդ ֆոնային աղտոտիչների կոնցենտրացիա եղել է»,- ընդգծեց Ակարմազյանը։

«Հրապարակի» հետ զրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն էլ ասաց, որ Հայաստանը որեւէ մեկի առաջ դռները չի փակում՝ ուսումնասիրություններ անելու համար, բայց կան կազմակերպություններ, որոնց գործունեության նպատակը հասկանալի չէ։

«Հասարակական կազմակերպություններ կան, որոնց գործունեությունը դիտարկելիս չենք հասկանում, թե ում ջրաղացին են ջուր լցնում։ Ես նրանց կոչ կանեմ՝ նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ մտածել իրենց, ապագա սերունդների եւ Հայաստանի մասին»,- առանց ՀԿ-ի անունը տալու՝ ասաց փոխնախարարը։

Ըստ Հարությունյանի՝ պոչամբարները նկարել կարող են բոլորը, բայց շատ մեծ հեռավորությունից։ Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է չեխական կազմակերպությունը փորձանմուշներ վերցրել, նախարարն արձագանքեց։

«Ես շատ ուրախ եմ, որ այդ հարցը բարձրացնում եք, պետք է ասեմ՝ ինչից որ Դուք եք տեղյակ, մենք էլ ենք տեղյակ, կան աշխատանքներ, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, օրինակ՝ ազգային անվտանգության հարցերը։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր կազմակերպությունների գործունեությունները, թույլ տվեք մեր եզրակացություններն այս պահին չհրապարակեմ»»։

ajax-loader