Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։

«Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ու աշխատանքից նրան ազատում էր միայն նրա համար, որ քաղաքացին կենսաթոշակառու է։ Նման դեպքերում շատ քչերն էին դիմում  առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին կամ դատարան իրենց իրավունքը պաշտպանելու նպատակով։ Հիմա այս փոփոխություններով օրենքով քաղաքացին պաշտպանված է լինում»,- ասաց Ժորա Սարգսյանը։

Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ  աշխատանքային օրենսգրքում կատարված այս  փոփոխությունով հնարավորություն է տրվում կենսաթոշակառուներին առավել երկար գտնվել աշխատաշուկայում։

«Դա սոցիալական կարևոր նշանակություն ունի, աշխատող կենսաթոշակառուն հնարավորություն կունենա ստանալ և՛ կենսաթոշակ, և՛ աշխատավարձ։ Նա կարող է աշխատել այնքան ժամանակ, որքան ի վիճակի է»,- ասաց Ժորա Սարգսյանը։  

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված մեկ այլ փոփոխության համաձայն՝ հստակեցվում է կենսաթոշակառուի հետ կնքվող պայմանագրի ժամկետի հարցը։ Նախկինում ամրագրված էր, որ եթե աշխատանքի ընդունվող անձը կենսաթոշակառու է, ապա գործատուն  պարտավոր է պայմանագիրը կնքել միայն որոշակի ժամկետով։

«Կատարված փոփոխություններից հետո, եթե աշխատանքի ընդունվողը կենսաթոշակառու է, ապա դրանով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը չի կնքվելու միայն որոշակի ժամկետով։ Այսուհետ կենսաթոշակառու լինելու հանգամանքը չի կարող լինել պատճառ պայմանագիրը որոշակի ժամկետով կնքելու համար։ Պայմանագրի տեսակը կորոշվի աշխատանքի բնույթով պայմանավորված»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ այս քայլերով պետության կողմից սահմանվում են խաղի հավասար պայմաններ։

ajax-loader