Պարենային ապրանքի գնային ինդեքսը նվազել է

Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցել, որտեղ ամենակտրուկ վայրէջքը շաքարի միջազգային գնանշումներն են:

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի դեկտեմբերին միջինում կազմել է 118.5 միավոր, որը նոյեմբերի արժեքից 1.5%-ով եւ նախորդ տարվա դեկտեմբերի արժեքից 10.1%-ով ցածր է։

2023 թվականին ինդեքսն, ընդհանուր առմամբ, 13.7%-ով ցածր է եղել անցած տարվա միջին արժեքից, որտեղ միայն շաքարի միջազգային գնային ինդեքսն էր բարձր այդ ժամանակահատվածում։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի ինդեքսը նոյեմբերից 1.5% աճ է արձանագրել, քանի որ բարձրացել են ցորենի, եգիպտացորենի, բրնձի եւ գարու գները: Տարվա ինդեքսն, ընդհանուր առմամբ, 15.4%-ով ցածր էր 2022 թվականի միջին արժեքից:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսն, հակառակը, նոյեմբերի համեմատ 1.4%-ով նվազել է: 2023 թվականին այս ինդեքսը 32.7%-ով պակաս է եղել նախորդ տարվա մակարդակից։

Շաքարի գնային ինդեքսը նոյեմբերից ի վեր 16.6%-ով նվազել է՝ գրանցելով իններորդ ամսվա անընդմեջ նվազումը, որն, այդուամենայնիվ, դեռեւս 14.9%-ով բարձր է 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը 1.0%-ով նվազել է նոյեմբերի մակարդակից՝ այդպիսով գրանցելով 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից 1.8% նվազում:

Կաթնամթերքի գնային ինդեքսն, ի տարբերություն միտումի, նոյեմբերի համեմատ աճել է 1.6%-ով, թեպետ 16.1%-ով ցածր է 2022 թվականի դեկտեմբերի արժեքից:

ajax-loader