Թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները․ Մինասյանը՝ վարչապետի մարզային այցերի արդյունքների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն։

Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ։

«Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները։

Քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն՝ գոնե իմ ունեցած տեղեկություններով։ Բնականաբար, մեր իրավապահները, հատկապես այս դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն, ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ արդյոք այդ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում և հանձնման-ընդունման ակտի միջև անհամապատասխանություններ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կան, բնականաբար, վարույթներ կլինեն»,- ասաց Մինասյանը։

Ինչ վերաբերվում է Լոռու և Արմավիրի մարզպետների և քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնանկություններին՝ Մինասյանի կարծիքով՝ շատ նորմալ գործընթաց է, երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, պետք է լինեն հետևանքներ։

«Նախկինում կամ այլ պայմաններում դա կարող էր լինել ոչ բացահայտ, բայց՝ ի ուրախություն ինձ և բազմաթիվ քաղաքացիների, թափանցիկ կերպով տեղի են ունենում գործընթացներ։

Դա ազդակ է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, ինձ անձամբ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում երկրի ղեկավարի կողմից»,- ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին աշխատանքային այցեր է կատարել Լոռու և Արմավիրի մարզեր, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերին։ Վարչապետն այցերի ընթացքում հայտնաբերել է թերություններ և հանձնարարել շտկել դրանք։ Վարչապետի Լոռու մարզ կատարած այցից հետո պաշտոններից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ Արմավիրի մարզ այցից հետո՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

ajax-loader