Ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով․ վարչապետ

Հայաստանում ավտոմեքենաների նոր համարանիշերը կվաճառվեն էլեկտրոնային աճուրդով։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում նաև երթևեկության հետ կապված մի կարևոր նորամուծություն ենք սպասում, որ նոր համարանիշերը պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Կարծում եմ, որ ընդհանրապես և՛ նոր, և՛ հին, և՛ զրոներով, և՛ առանց զրոների համարանիշերը այդպես պետք է վաճառվեն։ Այսինքն՝ հարթակը թող սկսի աշխատել, և կարծում եմ, որ ամեն ինչ կարող ենք այդ հարթակով անել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս պահից սկսած պետք է մարդկանց պատշաճ ծանուցել, որ եթե քաղաքացին ուզում է բազմաթիվ զրոներով համարանիշեր ունենալ, ուրեմն պետք է այդ էլեկտրոնային հարթակ մտնել և աճուրդին մասնակցել անկանխիկ եղանակով։

«Կարճ ասած՝ իրական աճուրդ պետք է տեղի ունենա, և պետք է վաճառվի առաջարկված ամենաթանկ գնով»,- նշեց Փաշինյանը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հերթին նշեց, որ կբացառվի մարդկային գործոնը, աճուրդը կլինի բացառապես էլեկտրոնային։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024թ․ փետրվարի 1-ից։

ajax-loader