ՀՀ տնտեսական աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կարևոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների, մասնավորապես՝ ՀՀ-ի համար, որովհետև Հայաստանի ԵԱՏՄ-ին գնալով ավելի ու ավելի կարևոր հանգամանք է դառնում երկրի տնտեսական զարգացման համար։

Սաֆարյանը «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում նշեց, որ իրենց ակումբի առաջատար փորձագետները կարևոր ուսումնասիրություններ են կատարել՝ գնահատելով եվրասիական ինտեգրման ոլորտում Հայաստանի ներուժն ու հնարավորությունները և Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ հիշյալ մասնագետների կանխատեսումներն իրականացել են։

«2024 թվականին լրանում է ԵԱՏՄ-ի հիմնադրման տասնամյակը, հետևաբար այդ առթիվ սպասվում է, որ կընդունվեն հռչակագրեր՝ կառույցի հետագա զարգացման ուղենիշերի մասին՝ մինչև 2030 և 2045 թվականները։ Եվրասիական հնգյակի կառավարչական և փորձագիտական շրջանակներում այժմ կա ինտենսիվ գիտական փնտրտուք՝ այդ հռչակագրերին հնչեղ բովանդակություն հաղորդելու նպատակով»,- ասաց Սաֆարյանը։

Նա հիշեցրեց, որ 2024 թվականին Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահողի գործառույթները, և հավելեց, որ ընթացիկ տարում ՌԴ-ն՝ որպես նախագահող, իրականացրեց նկատելի միջոցառումներ՝ խթանելով ինտեգրացիոն գործընթացները։

«Եկող տարի Հայաստանը կարող է գնահատելի մասնակցություն ունենալ նշված պրոցեսում և կառույցի հանդեպ ցուցաբերվող միջազգային հետաքրքրության մեծացման գործում՝ իր նախագահության ընթացքում նախաձեռնելով մի քանի խոշոր միջոցառումներ՝ տարբեր երկրների բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ։ Մենք էական շահ և օգուտներ ունենք այդ գործընթացին մասնակցելուց, քանի որ Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և Միության մյուս երկրների հետ։ Շատ կարևոր է, որ վերջին երկու տարիներին ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում։ ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում մեր արտաքին առևտրատնտեսական գործունեության կեսից ավելին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առևտրաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40 տոկոս»,- ասաց Սաֆարյանը։

Նրա  կարծիքով՝ նույնիսկ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում մեր արտաքին քաղաքականության մեջ տվյալ կարևոր վեկտորի դերն աճելու է, քանի որ Հայաստանի տնտեսական ներուժը տակավին սպառված չէ։ Էական ներդրումների և տնտեսական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, որ առևտրատնտեսական համագործակցության ծավալները ՌԴ-ի հետ գնալով կարող են աճել, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն նշանակալի չափերով կավելանա։

«Վերջին տարիներին ՌԴ-ի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպն ունի երկու բաղադրիչ՝ սեփական արտադրության ապրանքների առևտուր և վերաարտահանում։ Պետք է մտածել այնպիսի տնտեսական քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերաարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան։ Սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ լոգիստիկ միջանցքի լիարժեք գործարկման հնարավորությունը Հայաստանի համար։ Հայաստանը հայտարարել է խաղաղության խաչմերուկ դառնալու պատրաստակամության մասին, բայց մեր տարածաշրջանի գործընթացներն իրականում տանում են դեպի Արևմուտք-Արևելք ռազմավարական, տրանսպորտային առանցքի զարգացում, հետևաբար շատ կարևոր է, որ Հայաստանը չմերժի նաև Հյուսիս-Հարավ առանցքին մասնակցելու հնարավորությունը՝ հավասարակշռելով ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ազդակները»,- ասաց Սաֆարյանը։

Նրա պնդմամբ՝ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի արդյունավետ մասնակցությունը, հայ-ռուսական կապերի զարգացումն ու խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը ծանրակշիռ փաստարկներ են բազմակողմանի կապերը պահպանելու և ամրապնդելու համար։     

Ասուլիսին ներկա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն իր հերթին նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այսինքն՝ տարածաշրջանային ինտեգրման տվյալ ձևաչափն այլընտրանք չունի։ Նա մեջբերեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի կարծիքը, որի համաձայն՝ ներկայումս ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեզ տվել է կառույցի շրջանակում գործելու արդյունքում մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն։   

«ԵԱՏՄ վիճակագրական տարեգրքի տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճն ամենաբարձրն է կազմակերպության անդամ երկրների շարքում։ Մեր երկրի տնտեսությունը նախորդ տարվա համեմատ՝ արձանագրել է 12,6 տոկոսի աճ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների կտրվածքով աճել է 42 տոկոսով, որի առյուծի բաժինը՝ 38 տոկոսը, իրականացվել է ԵԱՏՄ-ի հետ։ Մենք հակված ենք մտածել, որ Հայաստանը  պետք է դիվերսիֆիկացնի արտաքին տնտեսական կապերը, բայց այսօր եվրասիական տնտեսական շուկայում ինտեգրացիան բարձր չգնահատել պարզապես չենք կարող։ Միայն Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա 11 ամիսների կտրվածքով կազմել է 5,4 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 40,8 տոկոսով։ Ընդ որում՝ դրական դինամիկան վերաբերում է հիմնականում արտահանմանը, որն աճել է արագընթաց տեմպերով։ Նախորդ տարվա պաշտոնական տվյալներով՝ միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարվել է 5 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ, ինչը մեր ՀՆԱ-ի քառորդ մասն է կազմում։ Դրան եթե հավելենք դրամի արժևորումը, ապա պարզ կդառնա, որ այդ երկու գործոնները մեր տնտեսական աճի 45 տոկոսն են կազմում, ինչը նաև թեթևացնում է Հայաստանի արտաքին պարտավորությունները, այսինքն՝ ավելի մատչելի տարբերակով ենք սպասարկում արտաքին պարտքը»,- նշեց Մանասերյանը։

Տնտեսագետը հիշեցրեց ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի և Սոչիում միջկառավարական խորհրդի նիստերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և մեր երկրի տնտեսական բուռն աճի հիմնական պատճառը։ Մանասերյանը վկայակոչեց նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի փաստարկված ու հիմնավորված կանխատեսումն առ այն, որ ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կգերազանցի 100 միլիարդ դոլարը, ինչը կարող է դառնալ նոր ռեկորդ։

ajax-loader