Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհուրդը տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ է անցկացրել, որին մասնակցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Նիստին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ։
Ինչպես տեղկացնում է umba-ը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նման ձևաչափի ընտրությունը պայմանվորեց նրանով, որ տարվա արդյունքներն ամփոփելիս շատ կաևոր է հասկանալ ոչ միայն տնտեսությունում, ձեռնարկություններում արձանագրված ցուցանիշները, այլ նաև այն տեսլականը, որը պետությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, որդեգրել է 2024 թվականի համար։
«Կարևոր է իմանալ թե գործադիրն ինչ ծրագրեր է մշակել, ինչ ռազմավարական տեսակետ, ինչ ենթակառուցվածքային նախագծեր ունի տնտեսության զարգացման ուղղությամբ, որոնց գործարարներս կարող ենք մասնակցություն ունենալ, դրանք հասկանալով՝ կարողանանք նաև մեր բիզնեսի հեռանկարը կառավարել և այսօրվա արձանագրված տնտեսական աճի տեմպերը, ցուցանիշները պահպանել»,- նշեց Արսեն Ղազարյանը։

ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ 2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է․ գրանցվել են արտահանման ցուցանիշների աճ, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների առումով ժամանակահատվածը եղել է բավական հաջող և խոստումնալից, բարելավում կա նաև կենսամակարդակի առումով։
«Թեև տարին տնտեսական էր, բայց սեպտեմբերյան դեպքերից հետո ունեցանք նաև տխուր իրողություններ, երբ ձևավորվեց պատմական Հայաստանի ևս մեկ մաս»,- նշեց Արսեն Ղազարյանը՝ հավելելով, որ Արցախի բռնի հայաթափումից հետո Միությունում տեղի են ունեցել քննարկումներ, մշակվել քայլեր՝ միտված արցախահայության գենի պահպանմանը։ Հրապարակվել է ՀԱԳՄ կոչը հայ գործարարությանը, և այսօր Միության շատ անդամներ ակտիվ աշխատում են փախստական հայրենակիցների սոցիալական, աշխատանքով ապահովման հարցերով։
«Այդ իմաստով տարին ծանր էր, բայց 120 հազար ազգաբնակչության 3-4 օրում Հայաստան հարկադիր տեղափոխումը մեր տնտեսությունը, կյանքը կաթվածահար չարեց։ Թերևս սա պայմանավորված էր դժվարություններին դիմակայելու մեր կարողությամբ, ՝ արցախահայության հզոր կենսունակությամբ»,- ասաց Արսեն Ղազարյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա ընթացքում նույնպես բազմաթիվ հանդիպումներ ունենում են ՀԱԳՄ ներկայացուցիչների հետ։
«Տարեվերջյան այս ամփոփիչ հանդիպումը ևս շատ կարևոր է, և պետք է խոստովանեմ, որ նման երկխոսությունը օգնում է մեզ չկտրվել իրականությունից, մնալ ռեալ տնտեսության մեջ, իրական կյանքի շրջանակներում»,- ասաց նախարարը։
Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2024-ի համար նախատեսված միջոցառումները։ Ըստ այդմ՝ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 64,3 մլրդ դրամ, 2024-ին այն ավելին կլինի 47 տոկոսով, հատկացումները կհասնեն 90,8 մլրդ դրամի։ Ընթացիկ տարվա համար ակնկալվում է 8,3-8,5 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17,5 տոկոսով, ակնկալվում է, որ արտադրողականության ծավալը կհասնի 9,6 տոկոսի: 2023-ին Հայաստանում ստեղծվել է մոտ 44 հազար նոր աշխատատեղ, բարձրացել է միջին աշխատավարձը, աղքատության մակարդակը 26,5 տոկոսից նվազել է 24,8 տոկոսի: Ակնկալվում է, որ ընդհանուր առևտրաշրջանառությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 110 տոկոս, իսկ 2023 թ․ ավարտել արտահանում-ՀՆԱ հարաբերակցության 54,5 տոկոս ցուցանիշով։

Վահան Քերոբյանը հանգամանալի անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերին, ներդրումների, արդյունաբերական քաղաքականության, որակի ենթակառուցվածքների, արտահանման, ռազմավարական ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։ ՓՄՁ-ների զարգացման առումով նախարարը մատնանշեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված 4 հիմնական միջամտությունները՝ գիտություն և ՓՄՁ կապի խրախուսում, կրթություն-ՓՄՁ կապի խրախուսում, պետություն-մասնավոր երկխոսություն, ֆինանսների հասանելիություն։
Ընթացիկ տարում արտահանման խթանման և ձեռներեցության զարգացման բյուջեն կազմել է մոտ 10 մլրդ դրամ, իսկ 2024-ին այդ թիվը կրկնապատկվելու է՝ հասնելով 21 մլրդ դրամի։ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով, 3 հիմնական միջամտություններ են նախատեսված՝ տեխնոլոգիական արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում և թվային գործիքների կիրառման խթանում։ Ներդրումների ներգրավման ծրագրով նախատեսվում է 21 միջոցառում, բարեփոխումների ուղղությունները երեքն են` ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ, ինստիտուցիոնալ կառուցվածք:

Ինչ վերաբերում է 2024 թ․ մարտահրավերներին, ապա դրանց թվում բանախոսը նշեց աշխարհաքաղաքական իրողությունից բխող տնտեսական և անվտանգային ռիսկերը, ներդրումային ծրագրերի չկատարումը, որոշումների դանդաղ կայացումը, լոգիստիկ ենթակառոցվածքները, բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը, հանքագործական ոլորտի ռիսկերը, ՏՏ բնագավառի մասնագետների արտահոսքը (ՌԴ ռելոկանտներ), Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների արտագաղթի ռեսկը, միկրոկառավարումը։
Մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերից առանձնացվեցին չոր նավահանգիստը, արհեստական բանականության ներդրումը տնտեսության մեջ, կանաչ ջրածին և էներգետիկ փոխակերպումը և տնտեսությունում արժեշղթաների խորացումը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը գործարարներին կոչ արեց հանգամանալի ուսումնասիրել և ակտիվ մասնակցություն ունենալ տնտեսության զարգացանն ուղղված ծրագրերին։

Վահան Քերոբյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման մասին կառավարության ծրագրին, չափագիտությանը, որոշումների ընդունմանը հանրության մասնացության մեխանիզմներին, Արցախից բռնի տեղահանված գործարարների ներուժի օգտագործմանը, բեռնափոխադրուներին, այլ խնդիրների։
ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին նաև Գործարար շահերը ներկայացնող ոչ պետական կազմակերպությունների միասնական հարթակի անդամները։
Նիստի ավարտին Արսեն Ղազարյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միութան պատվոգրով և Ոսկե մեդալով պարգևատրեց «Նարեկ» ՍՊ ընկերությանը՝ Հայաստանում շինարարական արտադրանքի առևտրի ոլորտում բարձրորակ ծառայությունների մատուցման, շինությունների ներքին հարդարման և ձևավորման նորարարական նյութերի կիրառման մշակույթի ներդրման և զարգացման համար, ինչպես նաև հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ։