Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի

Հյուսիսային Կորեան երկուշաբթի եւս մեկ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի, նշել են Սեուլի եւ Տոկիոյի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է AFP-ն։

Արձակումը հաջորդել է փոքր հեռահարության հրթիռի կիրակնօրյա փորձարկմանը։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռի արձակումը Փհենյանից հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան, այն թռել է 1 000 կիլոմետր եւ հայտնվել Արեւելյան ծովում, որը հայտնի է նաեւ որպես Ճապոնական ծով։

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա միջմայցամաքային բալիստիկ հրթիռ է՝ 15 000 կիլոմետր պոտենցիալ հեռահարությամբ, որը կարող է հասնել ԱՄՆ-ին։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այդ երկու արձակումներն անվանել է «սպառնալիք խաղաղությանը եւ կայունությանը», ԱՄՆ պետդեպարտամենտը եւս դատապարտել է այդ արձակումները։ «Այս տարվա ընթացքում այդ արձակումները Փհենյանի կողմից խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերը»,- նշվել է  պետդեպարտամենտի հայտարարությունում։

ajax-loader