Լարսը մեծ բեռնատարների համար փակ է

Ռազմավիրական  ճանապարհի մի հատվածում մեծ բեռնատարների երթևեկությունն արգելված է Վրաստանում եղանակի վատթարացման պատճառով։ Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ դեկտեմբերի 12-ի ժամը 06:45-ից մինչև հատուկ կարգադրության հրապարակումն արգելված է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք–Լարս բնակավայր ընկած հատվածում` Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

ajax-loader