ԵՊԲՀ-ի 28 նպատակային ուսուցման տեղերից 3-ը տրամադրվել է Տավուշի մարզին

Կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր, որից 3-ը՝ Տավուշի մարզին:

Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը:

Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորում են անվճար և ուսումնառության ընթացքում ստանում են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում:

ajax-loader