Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նրանք ձերբակալվել են, և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

«Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։ Արդյունքում՝ առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։  

Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը, և իրականացրել դրա կառավարումը։ Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։ Ընդհուպ՝ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։

Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ  @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ-հարթակները։

Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20-ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝   պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։

Նշվում է, որ վերոնշյալ բոլոր խանութ-հարթակների էջերը և դրանցով կատարված գործողությունների, վարված նամակագրությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի լիարժեք տիրապետման և տեսանելիության պայմաններում։

ajax-loader