Փոքր բիզնեսի մեծ հոգսերը․ այց Լոռու և Գեղարքունիքի քարարդյունահանող ընկերություններ

Օրերս այցելեցինք  Լոռու և Գեղարքունիքի մարզերի շինարարական քարի արդյունահանմամբ  և վերամշակմամբ զբաղվող մի շարք ընկերություններ՝ տեղում ծանոթանալու ոլորտի ՓՄՁ գործունեությանն ու խնդիրներին, հնարավորության դեպքում՝ խորհրդատվությամբ աջակցելու։

Առիթը «Գևորգ-Անուշ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սերոփյանի՝ ամիսներ առաջ Միությանն ուղղված ահազանգն էր։

Ընդհանրապես, այս ոլորտում գործող շուրջ երեք հարյուր փոքր ու համեմատաբար խոշոր ընկերությունների գերակշիռ մասը, կարելի է ասել, ընտանեկան բիզնես է հիշեցնում և առավելապես կոչված է մեկ-երկու ընտանիքի կենսապայմաններն ապահովելուն, որտեղ թե՛ հիմնադիրն ու ղեկավարը, թե՛ բանվորը գրեթե նույն մարդիկ են։ Նրանցից մեկն էլ հենց «Գևոր-Անուշ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Սերոբյանն է, որի հետ պայմանավորվել էինք մյուս ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել։

Ասենք, որ բարձրացրած խնդրի վերաբերյալ Միությունում Գևորգին տրվեց մասնագիտաիրավաբանակաև խորհրդատվություն, որով նա կարողացավ պաշտպանել իր իրավունքները, ինչպես նաև ազատվել վարչական տույժից:

Գեղհովիտ գյուղի գրասենյակում  անկեղծ ու անմիջական զրույց ընթացավ ոլորտի փոքր բիզնեսին հուզող խնդիրների շուրջ, որոնք առանց մասնագիտաիրավաբանական լուրջ աջակցության և իմացությունների, այս ընկերությունները միայնակ դժվարանում են հաղթահարել։ Ցավալին այն է, որ բոլորը միակարծիք են հատկապես մի հարցում՝ պետությունն իրենց չի աջակցում, քանի որ փոքր բիզնեսի գործունեության համար ավելի դյուրին ու պարզեցված մեխանիզմներ-պայմաններ չի ստեղծում։ Երբեմն, ընդհակառակը, ավելորդ վարչարարությամբ կաշկանդում, խոչընդոտում է առօրյա աշխատանքին։ Օրինակ՝ ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պահանջները՝ մասնագետի առկայության, ֆինանսատեխնիկական, ՇՄԱԳ փորձաքննության, ինչպես նաև իրավունքի տրամադրման համար սահմանված ժամկետները մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի համար տարբերակված չեն։ Շինաքարի արդյունահանմամբ և վերաշմակմամբ զբաղվող ընկերությունների համար մեծ խնդիր է նաև արտադրության համար պահանջվող եռաֆազ հոսանքի համապատասխան հաշվիչի  միացման համար (ԷԲՑ կանոնների համաձայն) պահանջվող վճարի կտրուկ աճը, որը նախկին վճարից ավելին է շուրջ 300%-ով։

Հարկ է նշել, որ հատկապես շինարարական քարերի հանքավայրերը հիմնականում գտնվում են բարձր լեռնային գոտիներում  և եղանակային պայմաններից ելնելով արդյունահանումը և արդյունահանված քարերի տեղափոխումը հնարավոր է իրականացնել միայն ամռան ամսիներին (տարեկան 3-4 ամսվա ընթացքում), հետևաբար այդ ընկերությունների արտադրողականությունը չի կարող բարձր լինել, բացի այդ արտադրողականության վրա ազդում է նաև ներքին շուկայում եղած պահանջարկը։

Մի բան առավել քան պարզ է՝ իրենց սահմանափակ հնարավորություններով փոքր ձեռնարկություններն ի վիճակի չեն ունենալ խիստ անհրաժեշտ մասնագետ-խորհրդատուների հաստիքներ, որոնք ժամանակին և համակարգված կերպով կկարողանան ընկերությունների գործունեության վերաբերյալ լիարժեք հաշվետվություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր պատրաստել, ներկայացնել պետական տարաբնույթ մարմինների։ Քարարտադրողները համոզված են, որ պետությունը ոչնչով չի տուժի, եթե մինչև որոշակի քանակության արտադրանքի դեպքում սահմանի հաստատագրված վճարներ։

 Պարզ էր նաև մեկ այլ բան․ փոքր բիզնեսքով զբաղվողները շատ դեպքերում հոգ չեն տանում իրենց վերաբերող օրենսդրությանը ծանոթանալու համար և դրանց չիմացությունը բերում է ոչ հաճելի հետևանքների, այնինչ օրենքների չիմացությունը բոլորովին էլ չի արդարացնում թույլ տրված սխալը։

 Ահա, այստեղ է, որ խիստ անհրաժեշտ է դառնում այնպիսի հասարակական կազմակերպությունների դերը, ինչպիսին Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն է, որի գործունեության ոլորտների և գործառույթների մասին ծանոթանալուց հետո քարարտադրողներից մի քանիսը ցանկություն հայտնեցին համալրել Միության շարքերը։

Վ․Կիրակոսյան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն

Շ․ Քերոբյան

Հայաստանի հանքագործների մետալուրգների միության փոխտնօրեն

ajax-loader