Լիբանանում իսրայելական հարվածներից կան զոհեր խաղաղ բնակիչների և զինյալների շրջանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին: Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինյալների շրջանում զոհերի մասին։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բեյթ Յահուն գյուղին հարվածի հետևանքով նոյեմբերի 22-ի երեկոյան զոհվել է շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների 5 զինյալ, այդ թվում՝ պատգամավոր և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Ռաադի որդին։ Այսպիսով, պաղեստինաիսրայելական հակամարտության վեց շաբաթների ընթացքում նաև Լիբանանի հետ սահմանին ընթացող բախումների ժամանակ «Հեզբոլլահ»-ի զինյալների շրջանում զոհերի թիվը հասել է 85-ի։

Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Լիբանանի հարավային շրջաններում զոհվել է առնվազն 4 խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ Al Nashra լրատվական հարթակը հայտնել էր, որ իսրայելական կողմը լիբանանյան բնակավայրերին հարվածներ է հասցրել ԱԹՍ-ներով և հրետանիով։

Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալների համաձայն՝ Իսրայելի գնդակոծությունների և հարձակումների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում 19 խաղաղ բնակիչ է զոհվել։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր Telegram ալիքում հաստատել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի վրա հրթիռներ արձակելու փորձի և ԻՊԲ-ի զորքերի դեմ գնդակոծությունների։

ajax-loader