Կառավարության նիստին ներկա է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը

Հայաստանի կառավարության նիստին ներկա են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այդ մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարության նիստին խորհրդի անդամների մասնակցությունը խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է նաև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրվա հետ, որը ընդունվել է 1989 թվականի նոյեմբերի 20-ին։ Վարչապետի խոսքով՝ խորհուրդը կազմված է 21 անդամներից, որից 13-ը ներկա են կառավարության նիստին։

«Խորհուրդը ձևավորված է երեխաներից, և մենք ողջունում ենք նրանց։ Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանն ու գործունեությանը աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, և նիստին ներկա է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ Նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին։

Ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների ու ղեկավարների հետ համահավասար կարող եք հարցեր տալ և ելույթներ ունենալ»,- եզրափակեց Փաշինյանը։

ajax-loader