Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել պետական սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- նշել է Բադալյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին առաջարկելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել պետական սահմանին։ Դրան հաջորդեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով հայկական կողմն Ադրբեջանին առաջարկում էր երկու երկրների պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։

ajax-loader