Համատեղ նախագծեր՝ արդյունաբերության ոլորտում․ ֆինանսավորում է ԵԱՏՄ-ն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման շուրջ համաձայնագրի նախագծին:

Փաստաթղթին կից պարզաբանման համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը ստորագրվել է մայիսի 25-ին Մոսկվայում: Արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտում գործակցության համատեղ նախագծերի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ձևավորման կարգը և այդպիսի նախագծերի ընտրության և իրականացման կարգը, ինչպես նաև՝ Եվրասիական միջկառավարական և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդների որոշումներով ֆինանսական աջակցության ձևաչափը:

Նախագծով նախատեսված փոփոխությունների նպատակը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիքի ստեղծումն է:

«Իրական հատվածում համագործակցության ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական հատվածի հետագա տեխնոլոգիական զարգացմանը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ՝ ապահովելով փոքր տնտեսությունների մասնակցությունը բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակմանն ու կիրառմանը», – ասվում է նախագծում:

Համատեղ նախագծերը կֆինանսավորվեն ԵԱՏՄ բյուջեից։

ajax-loader