Հայ-լեհական փորձագետների գործակցությունը կնպաստի հարաբերությունների զարգացմանը

Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին նվիրված հայ-լեհական փորձագիտական կլոր սեղանը, որը մեկնարկել է նոյեմբերի 14-ին Երևանում,  կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ սա նաև հիանալի  հնարավորություն է ամփոփելու Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացը և երկու երկրների կապերը:

«Լեհաստանի հայ համայնքը միշտ  հատուկ նշանակություն է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ: Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տարբեր ոլորտներում ունեցել ենք ինտենսիվ զարգացող օրակարգ: Այս տարիները նշանավորվել են նաև մեր երկրների միջև կանոնավոր քաղաքական  երկխոսության և բարձր մակարդակի փոխայցելություններով»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման տեսանկյունից շատ կարևոր է 2023 թվականի փետրվարից Հայաստանում գտնվող Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով, որում նշանակալի դեր է խաղացել նաև Լեհաստանի կառավարությունը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամ Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը, որը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի վերացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերին»,-ասաց նա:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկիի խոսքով՝  կարևոր է, որ երկու երկրների փորձագետները կարողանան ավելի լավ հասկանալ և ըմբռնել միջազգային և տարածաշրջանային իրավիճակը և միմյանց:

«Երկու երկրների փորձագետների միջև երկխոսությունը համարում եմ կարևոր, քանի որ Հայաստանը և Լեհաստանը գնալով ավելի են սերտացնում իրենց հարաբերությունները, և այս ուղղությամբ մենք դեսպանատանը ակտիվ աշխատանքներ ենք տանում:

Իմ կարծիքով՝ հայ-լեհական հարաբերությունները կարող են էլ ավելի ընդլայնվել, և այս տեսակետից փորձագետների միջև երկխոսությունը շատ հիմնարար նշանակություն ունի, քանի որ փորձագետներն են հենց սահմանում և որոշում այն եղանակները, որով քաղաքական գործիչները կհասկանան միմյանց և ի վերջո կկայացնեն ռազմավարական որոշումներ»,-նշեց Լեհաստանի դեսպանը:

ajax-loader