Արման Եղոյանը լավատեսական կանխատեսումներ ունի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում

 Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կանխատեսումները լավատեսական են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում։ Lրագրողների հետ ճեպազրույցում Եղոյանը մեջբերեց ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն այն մասին, որ վիզաների ազատականացման հարցը մտնելու է քննարկման օրակարգ։

«Ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել, բայց իմ կանխատեսումը բավականին լավատեսական է, որովհետև գիտեմ ԵՄ 27 անդամ պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը և նաև գիտեմ մեկ-երկու տատանվող երկրների հետ քննարկումների արդյունքները։ Եվրոպայի խորհուրդը պետք է կայացնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու մասին որոշում։ Որպես կանոն՝ երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին։ Եվրամիության պատմության մեջ դեռ չի եղել, որ երկխոսությունը սկսեն, հետո ասեն՝ չենք անում։ Երկխոսությունը սկսելուց հետո արդեն հարցի տեխնիկական խնդիրներն են լուծվում՝ բիոմետրիկ անձնագրեր, սահմանային հսկում, ռեադմիսիայի վերաբերյալ հարցեր։ Դրանց մեծ մասը արդեն լուծել ենք»,- ասաց Եղոյանը։

Նրա խոսքով՝ այն տարբերակը, որը հիմա դրված է սեղանին, նման է Վրաստանի օրինակին։

«Եթե դա լինի, նշանակելու է, որ դուք վերցնելու եք սովորական անձնագիրը և դրանով կարողանալու եք ճամփորդել Եվրամիություն։ Վրաստանի և Մոլդովայի դեպքում այդ գործընթացը տևել է երկու տարի, Ուկրաինայի դեպքում մի փոքր ավել։ Հաշվի առնելով, որ Հայաստանը քայլերի մեծ մասն արդեն իրականացրել է, մեր դեպքում կարող է ավելի քիչ տևել»,- նշեց Եղոյանը։

ajax-loader