Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է․ Գնել Սանոսյան

Երևանում տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պատգամավորներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանը, մարզպետներ, համայնքապետեր և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ, հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին, կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է։

«Վերջին տարիներին մեր հասարակությունն ու հանրային կառավարման ինստիտուտները ստիպված էին արձագանքել մի շարք  բարդագույն մարտահրավերների՝ կորոնավիրուսի համավարակ, 44-օրյա պատերազմ, 100 հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցների մի քանի օրվա ընթացքում ընդունելու և նրանց կեցության ու սոցիալական հարցերը կարգավորելու անհրաժեշտություն։ Այս մարտահրավերներին դիմակայելու նպատակով կատարաված աշխատանքներում անգնահատելի է տեղական ինքնակառավարման համակարգի դերակատարումը։ ՏԻՄ-երը՝ որպես արագ արձագանքման առաջնային օղակ, ցույց տվեցին պետական կառավարման մարմինների հետ համագործակցված աշխատելու, տեղական մակարդակում պատասխանատու որոշումներ կայացնելու և  անհրաժեշտ կարողություններ համախմբելու ունակություն»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ՏԻՄ-երի կարևորությունն ու զարգացման ռազմավարությունը  հայտարարված են կառավարության 2021-26 թվականների ծրագրերում, որոնց թիրախները հավակնոտ են և հաշվի են առնում այն նոր հնարավորություններն ու կարողությունները, որոնք ձևավորվել են համայնքներում 2015-22 թվականների ընթացքում իրականացված վարչատարածքային բարեփոխումների ընթացքում։

Գերատեսչության ղեկավարն այս դժվար բարեփոխումների գործընթացում կարևորեց միջազգային գործընկերների դերակատարումը։

«Մենք այժմ էլ ունենք  համագործակցության ծրագրերի մեծ փաթեթ՝ ուղղված համայնքային ունակությունների և կարողությունների բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, թվայնացման առաջմղմանը»,-մանրամասնեց Սանոսյանը՝ ավելացնելով, որ դրանք ընդգրկում են համայնքին առնչվող գրեթե բոլոր ուղղությունները։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման համակարգն իր 27-ամյա գոյության ընթացքում հաղթահարել է շատ խոչընդոտներ, ձևավորվել է և կայացել։

«Լինելով կառավարման համակարգի կարևոր բաղադրիչ՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտը մեր հանրային կյանքում դիտարկվել է և դիտարկվում է որպես տեղական ժողովրդավարության հիմնասյուն։ Համակարգի զարգացման և կայացման գործում մեծ և էական դեր են ունեցել ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ վարչատարածքային բաժանման բարեփոխումները։ Ունենք նոր իրողություններ, որոնք լավ հիմք են դարձել այս  բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու, այդ ուղղությամբ գործընթացներն արագացնելու համար»,-ասաց փոխվարչապետը՝ այդ համատեքստում ընդգծելով  ՏԻՄ-երի նկատմամբ վստահության շարունակական աճը, ինչի մասին վկայում է պետություն-համայնք համագործակցության ներկա բարձր մակարդակը, որի կարևոր օրինակներից է սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը։

Ըստ Խաչատրյանի՝ այդ շրջանակներում տրամադրվող դրամաշնորհները՝ որպես պետական ֆինանսական աջակցության կարևոր գործիքակազմ,  նպաստում են համայնքներում նկատելի փոփոխությունների իրականացմանը։

«Չնայած վերջին տարիներին արձանագրված արդյունքներն ու ցուցանիշները տպավորիչ են՝ դրանց շարունակական բարելավումը շարունակելու  է մնալ մեր հիմնական խնդիրներից մեկը։ Պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիաները նպատակ ունեն զարգացնել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները»,-մանրամասնեց փոխվարչապետը՝ շեշտելով, որ բնակավայրերում խմելու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի արդիականացման, նախադպրոցական հաստատությունների կառուցման և նոր գույքով կահավորման հարցերն այն կարևոր ուղղություններն են, որոնց, սուբվենցիոն եղանակով աջակցելով, պետությունը  նպաստում է համայնքների և համայնքային կյանքի զարգացմանը։

Տեսաուղերձով միջոցառման մասնակիցներին ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդկային արժանապատվության, հավասարության և կառավարման հարցերով տնօրեն Կլաուդիա Լուչիանին։

«Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր դեր ունեն ՏԻՄ-երը քաղաքացիներին ծառայելու հարցում։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացիները ձեռք են բերում վստահություն ժողովրդավարության հիմունքների  նկատմամբ, քանի որ տեսնում են, որ իրենց ձայնը և ներկայացուցիչների ընտրելն ուղղակիորեն ազդում է իրենց կյանքի բարելավման վրա»,-շեշտել է նա՝ կարևորելով  2023 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ապակենտրոնացման հայեցակարգի հաստատումը, որը, բանախոսի համոզմամբ, կօգնի բարձրացնել տեղական ինքնակառավարման ինքնավարությունը և տեղական ժողովրդավարությունը։

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 1996 թվականի այս օրը, երբ ՀՀ-ում տեղի ունեցան ՏԻՄ առաջին ընտրությունները, սկիզբ դրվեց տեղական ժողովրդավարությանը։

Նա ակներև համարեց, որ այս ինստիտուտը ժողովրդավարական կարգի հիմքերից մեկն է, որը՝ իբրև ժողովրդի կամքի արտահայտություն, կազմում է ՀՀ սահմանադրական կարգի  հիմքերից մեկը։

«Մեր ժամանակներում, երբ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության ձևավորումն ու  առաջընթացն այլևս դարձել են անշրջելի, տեղական ինքնակառավարումը, միանշանակ, զարգանում է՝ որպես կառավարման ինքնուրույն համակարգ»,-համոզված է Արմավիրի մարզպետը։

Այնուհետև շնորհավորանքի և օրվա խորհուրդն ու որպես բնակչությանը ծառայություններ մատուցող առաջնային օղակ՝ ՏԻՄ-երի գործունեությունը կարևորող խոսք ասաց նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Բացմանը հաջորդեց «ՏԻՄ ոլորտի բարեփոխումները Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի մոդերատորությամբ և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի, «Համայնքների միություն» ՀԿ-ի նախագահ Էմին Երիցյանի ու Գյումրի համայնքի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանի մասնակցությամբ։

ajax-loader