ԱԺ «Հայաստան» խմբակցության թափուր մնացած մանդատը տրվում է Լևոն Քոչարյանին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին գումարած արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորի թեկնածուի գրանցումները և արձանագրեց, որ այդ մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«ԿԸՀ-ն արձանագրում է, որ Ազգային ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի նախընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,- ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։  

Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է: Նա կասկածվում է ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Լևոն Քոչարյանի փաստաբաններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ պատգամավորի մանդատը ստանալուց հետո Քոչարյանը պետք է ազատ արձակվի։

ajax-loader