Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այդ մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ 

Նա տեղեկացրել է է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք լինելո՞ւ է կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։

Նկատառմանը, թե այդպիսով տուրք է տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանն արձագանքել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը։

«Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք մաքսիմալ օգտակար լինել նրանց»,- ասաց Քերոբյանը։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց Ադրբեջանը սկսեց կրակել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով գործարանի շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացի վիրավորվեց։

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

ajax-loader