Ոստիկանության զորքերը կապառազմականացվեն և կդառնան գվարդիա

 2024 թվականին նախատեսվում է ոստիկանության զորքերը ապառազմականացնել և վերակազմակերպել գվարդիայի։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ 

«Ոստիկանության գվարդիային կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։ 

Արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով»,- ասաց Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս վերջնականացման փուլում է գտնվում «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի շուրջ նախատեսվում է ծավալել քննարկումներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ներկայացուցիչների, իրավասու պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության հետ։

ajax-loader