25 մլն եվրո. կնվազեցվի 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի էներգիայի սպառումը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում հվանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ:

Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:

Ծրագրի նպատակն է նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`

էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում,

սեյսմիկ անվտանգության բարելավում,

այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում,

ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում,

վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվող «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ:

ajax-loader