«Տերյան մշակութային կենտրոնը» հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությամբ է հանդես եկել Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում:
Ցուցադրությունը կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը:

Ներկայացվել են հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով:

Բացմանը խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն ու ընդգծել հայկական ավանդական տարազների և գորգերի ուրույն տեղը հայկական հարուստ մշակութային ժառանգության մեջ: Անդրադառնալով ցուցահանդեսի՝ կանանց զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը խրախուսելու նպատակին՝ դեսպանը բարձր է գնահատել «Տերյան մշակութային կենտրոն»-ի գործունեությունը որպես արվեստի, արհեստագործական ավանդույթների և ձեռներեցության հաջող համադրման օրինակ:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտմանը՝ շեշտելով ազգային մշակույթի՝ դժվարությունների դեմ հայ ժողովրդի տոկունությունը խորհրդանշող առաքելությունը։



