Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման թվային համակարգը նախատեսվում է ներդնել նաև այլ երկրներում

Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման բարեփոխված համակարգը կատարելագործումից հետո նախատեսվում է ներդնել նաև այլ երկրներում։

Հայաստանում մեկնարկած հաշմանդամության համակարգի բարեփոխմանը նվիրված աշխատաժողովի նպատակն է Հայաստանում  անձի ֆունկցիոնալության գնահատման e-disability  համակարգը դիտարկել որպես լավագույն փորձ՝ այլ երկրներում հետագա ներդրման նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում  Ասիական զարգացման բանկի գլխամասային գրասենյակի, միջազգային փորձագիտական համայնքի և ՀՀ մասնագիտական խմբերի ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում տևական ժամանակ օգտագործվող  e-disability  հարթակի հնարավորությունները, բոլոր գործիքների արդյունավետությունը և արդյունքները: Քննարկման արդյունքում վեր կհանվեն առկա թերությունները՝ հետագայում շտկելու և կատարելագործելու նպատակով:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ աշխատաժողովի ընթացքում ընդգծեց, որ այս համակարգի բարեփոխումները ՀՀ–ում լավագույն փորձն են, որոնք միջազգայնորեն կիրառվել են։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և նրանց համար հավասար իրավունքների ստեղծումը մեր առաջնահերթություններից է: Ես վստահ եմ, որ այս միջոցառման համատեքստում մեր մասնագետները հնարավորություն կունենան ուսումնասիրել նաև միջազգային փորձը: Հայաստանում հաշմանդամության գնահատման համար առաջին անգամ դիմողների նոր մոդելը կիրառվել է 2023 թվականի փետրվարի 1-ից։ Հարթակի գործարկման շնորհիվ այժմ բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն իրականացվում է անձի ֆունկցիոնալության գնահատում, այսինքն`ամեն ինչ իրականցվում է  բազմակողմանի՝ ոչ միայն անձի ախտահարված օրգան-համակարգերի և մարմնի կառուցվածքի, այլև կարողությունների և կատարողականի տեսանկյունից»,- նշեց նախարարը:

Ասիական զարգացման բանկի Մարդկային և սոցիալական զարգացման ոլորտի գրասենյակի տնօրեն Վենդի Ուոքերն ընդգծեց, որ ուրախ էին աջակցել նման կարևոր նախագծի իրագործմանն ու զարգացանը:

 «Այս հարթակը ենթակառուցվածքների ամբողջական հիմք է հանդիսանում և շատ կարևոր գործիք է, որն ապահովում է սոցիալական ներառումը:  Շատ կարևոր է, որ Հայաստանում e-disability համակարգի ստեղծումն ու կայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք երկրներում, ինչը, իհարկե ավելացնելու է մեր փորձառությունը և գիտելիքները: Հույս ունեմ, որ ապագայում կունենանք հնարավորություն ավելի լայն շրջանակների հետ կիսվել Հայաստանում իրացված նախագծի կայացած փորձով»,- ասաց նա:

Վենդի Ուոքերն ընդգծեց, որ այսօր մի շարք փորձագետների և մասնագետների հետ կկիսվեն միջազգային փորձով և կուսումնասիրեն Հայաստանի փորձը՝ վեր հանելու առկա բացերը և թերությունները՝ դրանց հետագա կատարելագործման նպատակով:

ajax-loader