Գեղանկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա․ Բաբկեն Գևորգյան

Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում բացվեց Բաբկեն Գևորգյանի գեղանկարչական աշխատանքների անհատական երկրորդ ցուցահանդեսը, հաըտնում է syuniacyerkir-ը։ Այն «Գեղանկարիչը և իր ներաշխարհը» խորագիրն էր կրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը Կապանում էր՝ 2019 թվականին։ Ցուցադրանքում մոտ չորս տասնյակ գեղանկարներ էին, որոնք որոշակի պատկերացում էին տալիս երիտասարդ արվեստագետի գեղագիտական նախասիրությունների և ընկալումների մասին։ Բաբկենը ծնվել է ճարտարապետ Յուրի Գևորգյանի ընտանիքում, նկարել է մանկուց, նկարչական հմտություններ է ստացել Կապանում ճանաչված գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանի արվեստանոցում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» բաժնի «Ընդհանուր ինտերիեր» ֆակուլտետը։ Մեկ տարի է, ինչ Քաջարանի մշակույթի պալատի նկարիչ-դիզայներն է։

«Նկարչի խոսքը պետք է բխի սրտից, բայց մարդկության անունից, ունենա  պատասխանատվության զգացում  ստեղծածի համար, ի վերջո նկարիչն Աստծո պատվիրակն է երկրի վրա, նա դրանով ավելի մոտ է դարձնում մարդկանց։ Աստված մենակ չի թողնում։ Ես այդպես եմ կարծում։ Եթե Աստված ինձ տվել է այդ շնորհը, ինքն էլ վերցնելու է, ուրեմն այսօր ինքն էլ տեր է կանգնում»,– իր գեղագիտական հավատամքն այսպես է մանրամասնում գեղանկարիչը և հավելում, որ ստեղծագործելն օգնում է, որ դուրս գաս դեպրեսիայից։

Դու կյանք ես վերադառնում։ Հենց ստեղծագործում ես, սկսում ես ապրել, չես ստեղծագործում՝ սկսում ես մահանալ։ Այս համատեքստում նշում է, որ մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը։

Գեղանկարչին ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպիչ, մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանը, ով ցուցահանդեսի կազմակերպմանն օժանդակելու համար երախտագիտություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին, ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովային։

Ինչպես տեղեկացանք, շուտով Քաջարանի մշակույթի պալատում Բաբկեն Գևորգյանն  հմտությունները և գիտելիքները կփոխանցի սկսնակ գեղանկարիչներին։

ajax-loader